ԳլխավորԼուր

Մահացել է «Քվանտ»-ի ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Արսեն Դարբասյանը

Խոր ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացնում ենք, որ 66 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացավ «Քվանտ» վարժարանի ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող Արսեն Դարբասյանը։ Նա հիմնադրման առաջին իսկ օրվանից աշխատում է «Քվանտ» վարժարանում, 1997թ․-ից ղեկավարում է ինֆորմատիկայի ամբիոնը, գրված է կրթօջախի ֆեյսբուքյան էջում։

«Հեղինակ է ուսումնական մի շարք ձեռնարկների, ավագ դպրոցի ինֆորմատիկայի չափորոշչի և ծրագրի, մոտ 60 տպագրված աշխատանքների։ Մեծ է նրա ավանդը հատկապես հանրակրթական դպրոցի «Ինֆորմատիկա» առարկայի չափորոշիչների և ծրագրերի ստեղծման, ցածր դասարաններում «Ինֆորմատիկա» առարկայի չափորոշիչների և ծրագրերի մշակման գործում։ Ա․ Դարբասյանը մասնակցել է միջազգային վերապատրաստման մի շարք դասընթացների։

Պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։

«Քվանտ» վարժարանի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի բարձրակարգ ուսուցիչ էր։ Մի քանի տասնյակի հասնող նրա սաները փառահեղ հաղթանակներ են արձանագրել աշխարհի մի շարք առաջատար համալսարաններում, դարձել մրցունակ մասնագետներ և իրենց մասնագիտական կայացման գործում մեծապես կարևորում են Ա․ Դարբասյանի վաստակը։

Արսեն Դարբասյանը սիրված ուսուցիչ էր, հավատարիմ ու անփոխարինելի ընկեր, ազնիվ ու ճշտախոս մտավորական, լավ ամուսին ու հայր, հիանալի մարդ, որ ուներ բազում չիրականացած երազանքներ, կարևոր նպատակներ թե՛ մասնագիտական գործունեության ոլորտում, թե՛ կյանքում․․

Վաստակաշատ ու արհեստավարժ գիտնականի, սիրելի ուսուցչի, բարի ու ազնիվ ընկերոջ, պայծառ ու կենսախինդ մարդու հիշատակը հավերժ վառ կմնա նրան ճանաչողների հուշերում․․․

Խունկ և խոնարհում․․․»,-նշված է գրառման մեջ։

Comment here