ՀՀ կառավարությունը հավանություն տվեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթին, որով հնարավորություն կընձեռվի այլևս չերկարաձգել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը: Օրենսդրական փաթեթը գործադիրի օգոստոսի 27-ի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նախարարը նշեց, որ եթե փոփոխություններն ընդունվեն մինչև սեպտեմբերի 11-ը, ապա արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերով առաջարկվող միջոցառումները:
Ըստ նախագծի՝ վարակիչ հիվանդությունների Հայաստանի Հանրապետության տարածք ներբեռնման, ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից և կառավարության կողմից տարբեր տարածքներում:
Այն դեպքերում, երբ կարանտին կսահմանվի կառավարության կողմից, հնարավոր կլինի նաև ավելի խիստ միջոցառումներ՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ ՏԻՄ-երում կամ այլ հաստատություններում:
Արտակարգ դրությունը նոր ռեժիմից տարբերվում է իրավունքների սահմանափակման ծավալներով, խստությամբ և կիրառվող գործիքակազմի ինտենսիվությամբ: Այլևս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, տնտեսական գործունեության արգելման դեպքերը:
Բադասյանը նշեց, որ օրենսդրական փաթեթը հնարավորություն է տալիս այս պահի դրությամբ շարունակել պայքարը համավարակի դեմ, միևնույն ժամանակ վերացնել արտակարգ դրության իրավական ռեժիմը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։