Արթուր Դավթյանը աշխարհի գավաթի խաղարկության երկորդ փուլում ոսկե մեդալ է նվաճել հենացատկ վարժությունից։ Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Նշվում է, որ մարզիկը վաստակել է 15.000 միավոր։
Նույն վարժությունում երկրորդ տեղը զբաղեցրել է իրանի ներկայացուցիչ Մահդի Օլֆատին (14.900 միավոր), իսկ բրոնզե մեդալը նվաճել է Չինաստանի ներկայացուցիչ Յուլի Չենը 14.850 միավորով։
Խաղարկությունն անցկացվում է Գերմանիայի Կոտբուս քաղաքում։
Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձել է օղակների վարժության բրոնզե մեդալակիր։ Դավթյանը 14,600 միավոր է հավաքել և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։
Այս վարժությունում Հայաստանի հավաքականի մյուս անդամ Արթուր Ավետիսյանը 14․566 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Երեկ կայացել է նաև նժույգ-թափեր վարժության եզրափակիչը։ Գագիկ Խաչիկյանը 14․833 միավորով 6-րդ տեղն է գրավել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայ մարմնամարզիկները 1 ոսկե և 1 արծաթե մեդալ էին նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում:
Հաղթողի կոչմանն արժանացել էր աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը: Դավթյանը հավասարը չի ունեցել հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,933 միավոր:
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանն էլ Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել էր արծաթե մեդալակիր: Օղակների վարժության եզրափակչում հայ մարզիկը հավաքել էր 14.500 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը:
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ փուլը տեղի կունենա Բաքվում, իսկ եզրափակիչ փուլը Դոհայում՝ ապրիլի 17–ին։