ԳլխավորԼուր

Ասպիրանտուրայի ընդունելության համար նախատեսվել է 186 անվճար տեղ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2023-2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերի նախագիծը:

2023-2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության՝ նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ (անվճար) տեղերը՝ ըստ մասնագիտությունների նախագծելիս հաշվի են առնվել գերատեսչությունների հայտերը, հետբուհական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների ներկայացրած հայտերը, նախորդ տարիներին հատկացված տեղերի և փաստացի ընդունելության արդյունքների վերլուծությունը (թափուր տեղեր, համալրված տեղեր) և այլ հանգամանքներ:

2023-2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար նախատեսվել է հատկացնել 186 անվճար տեղ, որից 151-ը՝ առկա, 35-ը՝ հեռակա ուսուցմամբ: Եվս 24 տեղ նախատեսվում է միջպետական համաձայնագրի շրջանակում ընդունելության համար:

Առկա ուսուցման 151 տեղերից 98-ը (65 %-ը) նախատեսվում է տրամադրել բնական և տեխնիկական գիտություններին: Հեռակա ուսուցման 35 տեղերից նշված ոլորտին նախատեսվում է տրամադրել 17-ը (49 %-ը):

Շահառու խմբերը մինչև փետրվարի 18-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: