ԳլխավորԼուր

Երևանում ավտոմեքենա ու բենզալցակայան է այրվել. կա տուժած (թարմացված, տեսանյութ)

Փետրվարի 2-ին, ժամը 11:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի 8 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:08-ին, մարվել՝ 12:42-ին:

Այրվել են բենզալցակայանը՝ 7 քմ  և «GAZ 53» մակնիշի բենզատար ավտոբաքը։

Բենզալցակայանի աշխատակից Լ. Բ.-ն (ծնված 1985 թ․) ստացել է դեմքի և վերին վերջույթների 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներ և հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։