ԳլխավորԼուր

Գործարկվել է Ազգային գրադարանի նոր կայքը

Հայաստանի ազգային գրադարանը նոր դիզայնով կայք է ստեղծել, որն արդեն գործարկվել է:

Այս մասին «Արմենպրես»ին հայտնել է գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Սյուզան Չիչակյանը:

«Կայքն ունի ժամանակակից, գեղեցիկ դիզայն, ճկուն որոնողական համակարգ: Այն եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: nla.am կայքում ներառել ենք նաև «Նորություններ» բաժինը, որում տեղ կգտնեն գրական, գրադարանային կյանքին վերաբերող տարատեսակ նյութեր, հրապարակումներ մեր հյուրերի, նոր գրքերի համալրումների մասին»,-ասել է Չիչակյանը և ընդգծել, որ նորություններ են ներկայացնելու ոչ միայն Ազգային, այլև այլ գրադարանների մասին:

«Կայքում ներկայացնելու ենք նաև ամեն ամսվա ամենաընթերցված գրքերի տասնյակը: Դա հնարավորություն կտա տեսնել, թե գրադարանում ինչ գրքեր են կարդում, ինչը կնպաստի գրքի հանրահռչակմանը: Դա մեր գրադարանի կարևորագույն գործառույթներից է»,-նշել է Սյուզան Չիչակյանը:

Comment here