ԳլխավորԼուր

Բուհական ընդունելություն-2021-ի դասերը

«Ռադիո Արևիկը» ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանի հետ զրույցի ընթացքում հետադարձ հայացքով ի մի է բերել այս տարվա բուհական ընդունելության քննությունների դասերը։

Արդարացրե՞ց իրեն «մեկ բուհ, մեկ մասնագիտություն» սկզբունքը, այս տարվա փորձից ի՞նչ եզրակացություններ են արվել, ի՞նչն է, որ պետք է վերանայել կամ փոփոխել ընդհանրապես։ Անդրադարձ է կատարվել նաև հայոց լեզվի շտեմարանների խնդրին, զարտուղի ճանապարհներով գնահատական «շտկելու» փորձերի անօգտակարությանը։

Կ․ Նասիբյանը մասնավորապես նշել է, որ ԳԹԿ-ն արդեն սկսել է նոր շտեմարանների աշխատանքային խմբերի ձևավորումը։

«Հայտարարությունն արդեն տվել ենք, և այդ հայտարարության արդյունքում կհավաքվեն շտեմարաններ գրող խմբեր, որոնց աշխատանքը ԳԹԿ-ն կհամակարգի։

Գաղտնիք չէ, որ երբ հանձնարարում ենք որևէ առարկայի թեստ գրել, մեր դասախոսական կամ ուսուցչական կազմը անպայման ցանկանում է ինչ-որ տեղ նաև իրեն ցույց տալ։ Տարիներ շարունակ մենք իրենց ասում ենք՝ գրեք ոչ թե այն, ինչը աշակերտը չգիտի, այլ այն, ինչը գիտի։ Կարծում եմ՝ նոր շտեմարաններում այդ գործոնը կթուլանա»։

Հիշեցնենք, որ հայոց լեզվի շտեմարանների խնդրին անդրադարձել էր նաև Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։

Զրույցի ձայնագրությունը՝ «Ռադիո Արևիկի» կայքում։

Comment here