ԳլխավորԼուր

Հայ-վրացական երիտասարդական ճամբար` Թելավի քաղաքում

Հայ-վրացական երիտասարդական ճամբար` Թելավի քաղաքում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-28-ը Վրաստանի Հանրապետության Կախեթի շրջանի Թելավի քաղաքում մասնակցում է հայ-վրացական երիտասարդական ճամբարին։ Հայաստանից ճամբարին մասնակցում են ներկայացուցիչներ ակտիվ երիտասարդական շրջանակներից, ՀՀ բուհերի ուսանողներ, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության ստեղծած և ՀՀ մարզերում գործող երիտասարդական կենտրոններ հաճախող 30 ակտիվ երիտասարդներ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Բացման միջոցառմանը ներկա է եղել նաև Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Զվիադ Գաբիսոնիան:

Ճամբարի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ երիտասարդական համաժողով, որի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նա կարևորել է կրթական տարբեր մակարդակներում փոխգործակցությունը՝ անդրադառնալով Թբիլիսիի պետական համալսարանում գործող հայագիտական կենտրոնի գործունեությանը, Հայաստանի և Վրաստանի բուհերում փոխադարձաբար հատկացվող կրթաթոշակային տեղերին: Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրված տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագիրը, որում ներառված է նաև վրացերենի ուսուցումը: Նա շեշտել է նաև Վրաստանի հայկական դպրոցներում հայերենի արդյունավետ ուսուցման կարևորությունը:

Նա Վրաստանի երիտասարդներին հրավիրել է 2027 թ. երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավան, որտեղ անցկացվելու է հաջորդ համատեղ երիտասարդական ֆորումը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Զվիադ Գաբիսոնիան։ Նա առանձնակի կարևորել է հայ և վրացի երիտասարդների փոխադարձ շփումները՝ հույս հայտնելով, որ մասնակիցների համար ճամբարը կլինի ոչ միայն հաճելի, այլև արդյունավետ ժամանց:

Հանդիպման շրջանակում գործընկեր նախարարի տեղակալները պատասխանել են համաժողովին մասնակցող երիտասարդների հարցերին:

Վրաստան կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի մշակույթի նախարար Գեորգի Միրցխուլավայի հետ, որի ընթացքում քննարկվել են առաջիկայում Հայաստանում կազմակերպվելիք Աջարիայի մշակույթի օրեր, ինչպես նաև ամռանը Վրաստանում անցկացվելիք Հայաստանի մշակույթի օրեր միջոցառումների նախապատրասական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Զվիադ Գաբիսոնիայի հետ երկկողմ աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են կրթության, գիտության և երիտասարդության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Հայ-վրացական երիտասարդական ճամբար` Թելավի քաղաքում