ԳլխավորԼուր

Հայկական կողմը ներողություն է խնդրել Վրաստանից

Հայկական կողմը ափսոսում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ճիշտ չմեկնաբանված հայտարարությունը վշտացրել է վրացի գործընկերներին։ Այս մասին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտնել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալքալիանին, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։ Հայաստանի առողջապահության նախարարությունը իր դիրքորոշումը փոխանցել է Երեւանում Վրաստանի դեսպանության միջոցով։

Ըստ Զալքալիանիի, հայկական կողմն ընդգծել է, որ «իրենց առողջապահության նախարարի ասածները, որ հրապարակել են ԶԼՄ-ները, ոչ ճիշտ են մեկնաբանվել»։

Մայիսի 22-ին Հանրային խորհրդի կազմակերպած առցանց քննարկման ժամանակ Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Վրաստանում հակահամաճարակաբանական համակարգը տարբերվում է հայկականից, ընդ որում՝ ոչ լավ իմաստով։ «Ես 100 տոկոս ինֆորմացիա չունեմ և, անկեղծ ասած, չեմ համարում առաջնային նպատակ, բայց հնարավոր է, որ օրինակ՝ Վրաստանի արած 40 հազար թետերը ՊՇՌ թեստեր չլինեն, այլ մի մասը լինեն արագ թեստեր, որոնցից մենք պրակտիկորեն չենք օգտվում, քանի որ դրանք հավաստի և վստահելի չեն»,-մասնավորապես ասել էր Թորոսյանը։

Այս հայտարարությանը հետեւել էր Վրաստանի առողջապահական ոլորտի պաշտոնյաների սուր արձագանքը։

 

Comment here