ԳլխավորԽճանկար

Ինչ չի կարելի խմել, եթե ցանկանում եք նիհարել. սննդաբանի խորհուրդները

Երբ մարդը հետևում է իր սննդակարգին, այդ ժամանակ լավագույն ըմպելիքը ջուրն է, Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է բժիշկ–սննդաբան, նուտրիցիոլոգ, Կանադայի դիետոլոգների միության անդամ Նատալյա Նեֆեդովան։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` մարդու խմածի քանակն ու որակը նույնքան կարևոր են, որքան կերածը։ Դիետայի ժամանակ խորհուրդ չի տրվում օգտագործել գազավորված ըմպելիք` և՛ քաղցր, և՛ նրանք, որոնք շաքար չեն պարունակում, քանի որ դրանցում առկա է շաքարի փոխարինիչ, ինչն այդքան էլ օգտակար չէ։

Բացի այդ, ինչպես նշել է բժիշկը, չարժե խմել տուփով հյութեր։

«Նույնիսկ եթե դրանք թարմ քամած հյութեր են, պետք է նկատի ունենալ, որ թարմ քամած հյութի մեկ բաժակը 2-3 նարինջ է պարունակում, իսկ դրանք պարզապես հեղուկ կալորիաներ են։ Սննդին զուգահեռ կանաչ կամ սև թեյ խմելը կարող է մետաղի պակաս առաջացնել` ցինկի, մագնեզիումի, երկաթի, քանի որ թեյը խելատներ է պարունակում, որոնք համախմբում են մետաղները և թույլ չեն տալիս, որ դրանք նորմալ ներծծվեն», – պարզաբանել է սննդաբանը։

Ինչպես նշել է Նեֆեդովան, պետք չէ սպասել, որ որևէ ըմպելիք «կախարդական» ձևով կօգնի ազատվել ավելորդ քաշից։ Ընդ որում`տարածված տեսակետը, թե սուրճն արդյունավետ ճարպայրիչ միջոց է, չի համապատասխանում իրականությանը։

«Սուրճն արագացնում է նյութափոխանակությունը, բայց դա առանձնապես մեծ ազդեցություն չի ունենում։ Դա կախարդանք չէ` խմեցիր մեկ բաժակ սուրճ, և վերջ, սկսեցիր խելահեղ արագությամբ կորցնել կիլոգրամները։ Նման բան չկա», – ասել է մասնագետը։

Այդ պատճառով գերադասելի է սովորական ջուր խմել։

«Եթե ցանկանում եք համ հաղորդել, կարելի է ջրի մեջ կիտրոն քամել։ Մնացածը ավելորդ կալորիաներ են, եթե խոսում ենք դիետայի մասին», – պարզաբանել է Նեֆեդովան։

Նա հավելել է, որ պետք է առողջ սնունդ և ճիշտ ըմպելիք օգտագործել ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ մշտապես` հավասարակշռված սննդակարգ մշակելով։

Comment here