ԳլխավորԽճանկար

Ինչպե՞ս նիհարել. խորհուրդներ՝ 1.5 տարում 50 կգ նիհարած հնդիկ ուսանողից

Հնդկաստանի Գուրգաոն քաղաքի 22-ամյա բնակիչ, ուսանող Ռահուլ Դանգը մեկուկես տարում նիհարել է 50 կգ-ով՝ 120 կգ-ից հասնելով 70-ի, տեղեկացնում է Times of India-ն։

Նա խոստովանել է, որ ամբողջ կյանքում տանջվել է ավելորդ քաշից, որի պատճառով դպրոցում միշտ ծաղրել են իրեն։ Դա էլ պատճառ է դարձել ինքնագնահատականի կտրուկ անկման, եւ Դանգը երկար ժամանակ մտածել է, որ չի կարող պայքարել գիրության դեմ։

Սակայն 2 տարի առաջ մի սովորական օր նա որոշում է ինչ էլ լինի՝ նիհարել, եւ կտրուկ փոխում է սննդակարգն ու սկսում է մարզվել։

Այժմ նա նախաճաշին ուտում է կաթով վարսակ, ճաշին՝ խաշած  բանջարեղեն կամ խաշած հավի միս կամ 2 ձու, ընթրիքին՝ բրյուսելական կաղամբ եւ դալ՝ խաշված  լոբազգիներից պատրաստված հնդկական ավանդական ապուր։

Նախքան մարզվելը Դանգը մի բաժակ սուրճ է խմում, մարզումից հետո՝ պրոտեինային կոկտեյլ։ Ժամանակ առ ժամանակ նա իրեն թույլ է տալիս բարակ խմորով մի կտոր պիցցա կամ հավի միս՝ տոմատի սոուսով։

Կարանտինային օրերին Դանգը մարզումներոմ շեշտը դրել է ուժային վարժությունների վրա՝ տարբեր օրերին տարբեր մկանախմբեր զարգացնելով։ Կիրակի օրերին նա հանգստանում է։

Իր գլխավոր գաղտնիքը երիտասարդը համարում է մեկ բաժակ սեւ սուրճը մարզումից առաջ եւ պնդում է, որ այն օգնում է այրել ճարպերն ու արագացնում է նյութափոխանակությունը։ Խորհուրդ է տալիս նաեւ շատ օգտագործել կանաչ թեյ, որն նպաստում է մարսողությանը եւ մեծացնում է իմունիտետը։

«Ես երկար ճանապարհ եմ անցել՝ ինքնամփոփ 120 կգ-ոց պատանուց դառնալով բլոգեր, որը հրապարակումներ է անում նորաձեւության եւ ֆիթնեսի մասին»,-նշում է Դանգն ու բոլոր նիհարել ցանկացողներին խորհուրդ է տալիս երբեք չնահանջել, եթե նույնիսկ փոփոխություններն արագ չեն լինում։

Comment here