ԼուրԽճանկար

Մարզվել՝ չվնասելով. խորհուրդներ՝ մարզիչ Սևակ Մարգարյանից

Սեւակ Մարգարյան, մարզիչ

Գեղեցիկ և առողջ մարմին ունենալ այսօր ուզում են գրեթե բոլորը, մարզվելը շատերի համար վերածվել է կենսակերպի, սակայն երբեմն մարդիկ ընտրում են նիհարելու կամ գեղեցիկ մարմին ունենակու հեշտ կամ ոչ գրագետ տարբերակներ, ինչը անարդյունավետ լինելուց բացի շատ դեպքերում կարող է հանգեցնել հակառակ կամ բացասական արդյունքի։

Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք անհատական մարզիչ, IFBB հավաստագրված մարզիչ Սևակ Մարգարյանի հետ, ով շուրջ 19 տարի սպորտում է և ունի արդեն 12 տարվա մարզչական փորձ։

-Սևակ, վերջին շրջանում ավելացե՞լ, թե՞ նվազել է մարզվողների թիվը, և ինչո՞վ է դա պայմանավորված։

-Շուրջ 12 տարվա մարզչական փորձս թույլ է տալիս վստահ ասել, որ վերջին շրջանում մարզվողների թիվը անհամեմատ ավելացել է թե կանանց, թե տղամարդկանց շրջանում, կարծում եմ` դա կապված է առողջ և գեղեցիկ մարմին ունենալու ձգտման հետ։

-Առավել շատ կանա՞յք, թե՞ տղամարդիկ են հետևում իրենց կազմվածքին և հաճախում մարզասրահ։

-Կարծում եմ, որ և կանայք, և տղամարդիկ հավասարապես ձգտում են գեղեցիկ մարմին ունենալ, ինչը իմ կողմից շատ ողջունելի և գովելի է։

-Այժմ նիհարելու համար առցանց շատ ծրագրեր կան, որոնք առաջարկում են դիետաներ, ֆիզիկական վարժություններ տան պայմաններում: Որքանո՞վ են դրանք արդյունավետ և անվտանգ։

-Հնարավոր է, որ արդյունավետ լինեն, իհարկե, ավելի քիչ, քան մարզասրահում մարզչի հետ պարապելու դեպքում, սակայն անվտանգ լինել չեն կարող, քանի որ մարզչի ցուցումները և հսկողությունը շատ դեպքերում պարզապես պարտադիր են։

-Արդյո՞ք մարզվելուն զուգահեռ սննդակարգին հետևելը պարտադիր է։

-Սննդակարգին հետևելը, անկախ մարզվելուց, ցանկալի է, քանի որ առողջ սնվելու դեպքում կունենաք առողջ մարմին` անգամ առանց մարզվելու, իսկ մարզվելուն զուգահեռ առողջ սնվելը էլ ավելի արդյունավետ կդարձնի այն։

-Շաբաթական քանի՞ անգամ է անհրաժեշտ ժամանակ հատկացնել մարզումներին և ի՞նչ տևողությամբ։

-Շաբաթական նվազագույնը 3 օրն է` օրական 45-60 րոպե տևողությամբ։

-Գիտեմ` հնարավոր է նաև, որ մարզվելը դրական ազդեցության փոխարեն նաև բացասական ազդեցություն ունենա: Կնշե՞ք մի քանի հավանական նման դեպք և կասե՞ք, թե ինչպես կարելի է խուսափել դրանից։

-Բացասական ազդեցություն մարզվողները շատ դեպքերում ունենում են, երբ ցանկանում են շատ կարճ ժամանակահատվածում շատ մեծ արդյունքներ ունենալ՝ իրենց ծանրաբեռնելով մարզումներով։ Իմ մարզվողներին ես թույլ չեմ տալիս սահմանված չափը խախտել։ Գրեթե բոլոր մարզվողներս տարիներ շարունակ կայուն մարզումներ են իրականացնում ինձ հետ, և կարծում եմ, որ այդ է իմ առաքելությունը։

-Որքանո՞վ են արդյունավետ մարզասրահում առանց մարզչի ուղղորդելու մարզումները։

-Կարծում եմ` անգամ փորձառու մարզվողներին լավ մարզչի ցուցումնորն ու ուղղորդումը չեն խանգարի։ Մարզիչը շատ ժամանակ մոտիվացիայի և էներգիայի աղբյուր է դառնում իր մարզվողների համար։

-Ինչպե՞ս կոգեշնչեք այն մարդկանց, ովքեր ցանկանում են հաճախել մարզասրահ, սակայն ժամանակ չեն տրամադրում կամ ծուլանում են։

-Կմոտիվացնեմ` ասելով, որ օրն ունի 24 ժամ, որից 6 ժամը անհրաժեշտ է պարտադիր քնել, մնացած 18 ժամերի ընթացքում հաստատ կգտնվի գոնե 1 ազատ ժամ` մարզվելուն հատկացնելու համար։ Անգամ 10 ժամ աշխատավայրում լինելու և 2 ժամ ճանապարհներին անցկացնեու դեպքում մեզ ազատ ժամեր մնում են։ Այնպես որ անհրաժեշտ է այն արդյունավետ օգտագործել և հօգուտ իրենց` միաժամանակ լինելով առողջ, ուժեղ, ինչու ոչ, նաև գեղեցիկ։

ԳՈՀԱՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ,  4-րդ կուրս