ԳլխավորԼուր

Դիմակ կրելը Հայաստանում այլևս պարտադիր չէ

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն:

Հաշվի առնելով իրավիճակային փոփոխությունը` առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանափակումների մեղմացում:

Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: Մյուս բոլոր փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության:

Փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Նշենք, որ վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 11775 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (37459 դեպք) նվազել է 69%-ով: Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 14 օրվա ընթացքում կազմել է 18.1%, նախորդ 37.9%-ի փոխարեն:

Հավելենք, որ սահմանափակումների վերաբերյալ առողջապահության նախարարության որոշումները բխում են համաճարակաբանական իրավիճակից և դրանով պայմանավորված կրկին կարող են վերանայվել:

Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11-ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէր հուլիսի 1-ից։

Հոկտեմբերի 30–ին ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին խստացրեց կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները` նոյեմբերի 1–ից դիմակ դնելը պարտադիր դարձնելով նաև հանրային բաց տարածքներում։

2020թ.-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։ Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։

Դեկտեմբերի 17-ին հայտարարվեց, որ հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը կրկին վերացվում է։