ԳլխավորԼուր

Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրում տեղի է ունեցել նորակառույց դպրոցի բացումը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ այսօր տեղի է ունեցել Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի Տիգրան Մեծի անվան նորակառույց դպրոցի բացումը, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի դպրոցը կառուցվել է Կառավարության 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում:

Շնորհավորանքի խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է՝ սա իր երրորդ այցն է Տիգրան Մեծի անվան նորակառույց դպրոց:

«Առաջին անգամ երևի հերթական աշխատանքային այցից էինք վերադառնում, երբ տեղեկացանք, որ Պտղունքի մի խումբ բնակիչներ շատ կարևոր բան ունեն ասելու: Բնակիչներն ասացին՝ մենք ուղղակի Ձեզ ուզում ենք ցույց տալ մեր դպրոցը: Մենք եկանք այստեղ, և իհարկե, տեսարանը շատ ցավեցնող էր»,- ասել է ՀՀ վարչապետն ու նշել՝ հենց այդ այցից հետո հանձնարարվել է իրականացնել նոր դպրոցի կառուցումը:

Դպրոցականներին ողջունել և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարն ընդգծել է՝ նոր ուսումնական տարին սկսում ենք հիմնարար փոփոխություններով, կրթական համակարգի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրերով, հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ, կառավարման և ֆինանսական համակարգերի փոփոխությամբ, բարձրագույն կրթության բարեփոխումների մեկնարկով:

Մանրամասները՝ տեսանյութում։