Պետական պաշտոնյան, հատկապես կրթության ոլորտի պատասխանատուն, իրավունք չունի հանրային քննարկումը փոխարինել վիրավորական բնորոշումներով և բարոյական մեղադրանքներով, հայտարարել է «Ազգային կրթության խորհուրդն» իր ֆեյսբուքյան էջում։
«Երբ ասում եք՝ «դպրոցները չեն փակվելու», բայց միաժամանակ 2023 թվականի սեպտեմբերի 11-ի N 1790-Ա/2 հրամանով նշում եք, որ այդ դպրոցներում ֆինանսավորման հին կարգը պահպանվում է մինչև դպրոցների վերաձևակերպումները և նույն այդ փաստաթուղթը ուղարկելով դպրոցներ իրականացնում եք փակմանն ուղղված քայլեր, սա ոչ թե ճշմարտության ամբողջական ներկայացում է, այլ կիսաճշմարտություն։ Դպրոցը կարող է չփակվել հրամանի ուղիղ տեքստով, բայց փակվել գործնականում։
Թվերի մատուցումը՝ առանց համատեքստի, ինքնին ապատեղեկատվության ձև է։ 130 միլիարդ դրամի աճը կամ 57 տոկոսը ոչինչ չի ասում, եթե չի հաշվարկվում գնաճի, շինանյութերի թանկացման, աշխատավարձերի ինֆլյացիոն աճի և դպրոցների իրական քանակի համեմատությամբ։ Անվանական աճը դեռ չի նշանակում որակական առաջընթացի առկայություն։
320 դպրոցների շինարարության մասին խոսելիս հանրությունն իրավունք ունի իմանալ՝ քանի՞սն են նորակառույց, քանի՞սը հիմնանորոգում, քանի՞ դպրոց է միավորվել կամ փաստացի դատարկվել։ Շինարարությունը կրթության որակի երաշխիք չէ, եթե դրա հետևում չկա մարդկային ռեսուրսի, բովանդակության և կայունության քաղաքականություն։
4000 նոր ուսուցչի թվի հրապարակումը նույնպես թերի է, եթե չի նշվում՝ քանի ուսուցիչ է նույն ժամանակահատվածում դուրս եկել համակարգից։ Առանց ներհոսք–արտահոսք համեմատության՝ թիվը մանիպուլյատիվ է։
«Հեռու մնացեք դպրոցների թեմայից» ձևակերպումը ոչ միայն անընդունելի է, այլև հակասում է հանրային կառավարման տրամաբանությանը։ Դպրոցը պետական կառույց չէ միայն իշխանության համար, այն հանրային արժեք է, և դրա շուրջ հարցեր բարձրացնելը քաղաքական շահարկում չէ, այլ քաղաքացիական պարտք։
Երբ քննադատությունը փոխարինվում է անձնական վիրավորանքներով և «երեխաների ճակատագրի վրա խաղալու» մեղադրանքներով, դա ցույց է տալիս ոչ թե ուժ, այլ փաստարկների պակաս։
Եթե կառավարությունը վստահ է իր քաղաքականության արդյունավետության մեջ, ապա հանրային հարցերը պետք է ընդունի հանգիստ, փաստերով և բաց տվյալներով։ Ոչ թե փակելով քննարկումը, այլ բացելով հաշվետվողականությունը։
Կրթությունը քարոզչական դաշտ չէ։ Այն չափվում է ոչ թե հայտարարություններով, այլ հետևանքներով։
Պետական կառավարման ղեկը ստանձնած յուրաքանչյուր կառավարություն պարտավոր է ոչ թե հայտարարություններ անել, այլ տարիներով կուտակված խնդիրները լուծելու համար։ Հանրության վստահությունը նշանակում է նաև պարտավորություն՝ լսել քննադատությունը, ընդունել թերությունները և պատասխանել ոչ թե հռետորաբանությամբ, այլ համակարգային լուծումներով։
Երբ քաղաքացիները բարձրացնում են կրթության ոլորտի խնդիրները, դա «քաղաքական թիրախավորում» չէ, այլ հենց այն ժողովրդավարական վերահսկողությունն է, որի միջոցով էլ կայանում է ժողովրդավարական հասարակությունը։ Նախկինների սխալները շտկելու խոստումով ընտրված իշխանությունը չի կարող նույն սխալը կրկնել՝ լռեցնելով հանրային քննարկումը կամ այն ներկայացնելով որպես վնասակար գործողություն։
Պետական կառավարման պատասխանատվությունը պահանջում է ոչ թե հարձակում քննադատողների վրա, այլ փաստարկված արձագանք, բաց տվյալներ և իրական բարեփոխումների հաշվետվություն։
Եթե խնդիրները բարձրաձայնվում են, դա նշանակում է՝ համակարգը դեռ լուծումների կարիք ունի։ Իսկ դա արդեն ձեր ուղիղ պատասխանատվության դաշտն է։
«Ազգային կրթության խորհուրդը» վերահաստատում է, որ պատրաստ է ԿԳՄՍՆ ցանկացած պատասխանատուի հետ՝ ցանկացած ձևաչափով և հարթակով, ցանկացած տիպի՝ գիտական, մասնագիտական ու հանրային, բաց բանավեճի»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ փետրվարի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ տեղեկությունները և դրանց շուրջ կազմակերպվող քննարկումները, թե իբր 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են ապատեղեկատվություն
Փետրվարի 24-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը թեմային անդրադարձել էր իր ֆեյսբուքյան էջում. «Նորահայտ և ոչ այնքան նորահայտ գործիչներին կարծես խորհուրդ են տվել անդրադառնալ դպրոցներին՝ որպես քաղաքական միավոր շահելու հարմար թիրախ: Ով որ խորհուրդ է տվել, առերևույթ տեղեկացվածության, իմացության և հիշողության հետ լուրջ խնդիրներ ունի: Աշակերտի թվով ֆինանսավորվող դպրոցների հրամանը վերցրել են, դրանում ընդգրկված դպրոցների թիվը, ընդ որում, նույնիսկ դա էլ նորմալ չճշտելով, դարձրել դրոշակ ու պնդում են, թե այդ դպրոցները 2026 թվականի սեպտեմբերի 1-ից փակվելու են: Ամոթ է, ակնհայտ սուտ եք ասում»,-մասնավորապես նշել էր նախարարը:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



