Մարտի 1-ին կազմակերպվելու է միասնական քննությունների առաջին փուլի լրացուցիչ քննությունը «Անգլերեն» առարկայից։ Հիշեցնենք, որ դիմորդները «Անգլերեն» առարկայից քննություն հանձնել էին հունվարի 31-ին, սակայն այդ ժամանակ որոշ թեստերում արձանագրվել էր տեխնիկական խոտան: Դրանից հետո որոշում էր կայացվել կազմակերպել նոր քննություն։
Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը Usanogh.am-ին տեղեկացրեց, որ մարտի 1-ի քննության համար հայտագրված է 6 177 դիմորդ. հունվարի 31-ին հայտագրվել էր 7 222 դիմորդ, նրանցից քննությանը մասնակցել էր 7146-ը։
Եթե հունվարի 31-ին դիմորդները քննություն են հանձնել 54 քննական կենտրոնում (19-ը՝ Երևանում), ապա մարտի 1-ին կգործի 49 քննական կենտրոն, որոնցից 17-ը՝ մայրաքաղաքում։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին օտար լեզուների միասնական քննության ժամանակ մի քանի քննական կենտրոնում տպագրական սխալ էր հայտնաբերվել անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակներում։ Խոտանված էջերի փոխարեն դիմորդներին բաժանվել էին ճշգրտված տարբերակների պատճենները։ 2-րդ և 4-րդ տարբերակները գրողներին հավելյալ ժամանակ էր հատկացվել` 30-45 րոպե։ Դրանից հետո ԳԹԿ-ն որոշեց, որ քննության մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել մարտի 1-ի քննությանը՝ անկախ իրենց թեստի տարբերակից. կպահպանվի ավելի բարձր միավորը:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



