ԳլխավորԼուր

Մեկնարկել է դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը

Մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը: Դրամաշնորհների տրամադրմամբ նախարարությունը նպատակ ունի խթանել արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացումը, ապահովել տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացվածությունը, ձևավորել ազատ, մրցակցային և մասնակցային մշակութային դաշտ, զարգացնել ժամանակակից արվեստները և ստեղծարար արդյունաբերությունը:

Մրցույթն անցկացվում է 14 անվանակարգերում՝

1. Թատերական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,

2. Երաժշտական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,

3. Պարարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,

4. Կերպարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,

5. Կինոարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր (բացառությամբ՝ կինոարտադրության նախագծերի),

6. Մշակութային հեռուստահաղորդաշարեր,

7. Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր,

8. Երաժշտական և արվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքներ,

9. Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը ու կատարելագործմանը,

10. Ներառական ծրագրեր և նախագծեր ժամանակակից արվեստի ոլորտում,

11. Ազգային փոքրամասնությունների մշակույթի տարածման ծրագրեր և նախագծեր,

12. Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր,

13. Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ,

14. Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ:

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները, որոնք ունեն ժամանակակից արվեստների, գրականության, ստեղծարար արդյունաբերության զարգացման, մշակութային ժառանգության, Հայաստան–Սփյուռք մշակութային կապերի արդիականացման և ամրապնդման, մշակութային զբոսաշրջության, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային կրթության և ներառականության խթանմանն ուղղված նորարարական ու հեռանկարային նախագծեր, և որոնց ներկայացված նախահաշվում չի արտացոլվում շահույթը:

Հայտերը մինչև ապրիլի 2-ն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ժամանակակից արվեստի վարչություն (հեռ.՝ 010 599 631) և Մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների վարչություն (հեռ.՝ 010 599 629)։

Մրցութաշրջանի և հայտերի ներկայացման կարգի վերաբերյալ մանրամասները՝ հետևյալ հղմամբ։

Comment here