ԳլխավորԼուր

«Դրամաշնորհներ գրելու հմտություններ». դասընթաց՝ ԵՊՀ-ում

ԱՄՆ Արիզոնայի պետական համալսարանի և Երևանի պետական համալսարանի համագործակցության շրջանակում ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «Դրամաշնորհներ գրելու հմտություններ» խորագրով երկամսյա դասընթաց, որի ժամանակ ներկայացվելու են դրամաշնորհային ծրագրեր որոնելու, կազմելու, ինչպես նաև դրանց համար համապատասխան բյուջե մշակելու սկզբունքներն ու հմտությունները։

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության կազմակերպած վերապատրաստումը, որին մասնակցելու են նախօրոք հայտեր ներկայացրած 32 անձինք, անցկացնելու են վարչության՝ դրամաշնորհների համակարգման բաժնի մասնագետները և ԱՄՆ Արիզոնայի պետական համալսարանի փորձագետները:

Շաբաթական երկու անգամ կազմակերպվելիք դասախոսությունների շրջանակում մասնակիցները ստանալու են ոչ միայն ներպետական, այլև արտասահմանյան դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներ:

Հատկանշական է, որ վերապատրաստման դասընթացների թեմատիկ պլանը կազմվել է՝ հաշվի առնելով մասնակիցների՝ մոտիվացիոն նամակներում վերապատրաստման ծրագրից ունեցած ակնկալիքները:

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության դրամաշնորհների համակարգման բաժնի վարիչ Արսեն Ապրոյանը նշեց, որ վերապատրաստում անցկացնելու գաղափարը ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության հետ մշտապես քննարկվել է, և այսօր այն կյանքի է կոչվում: Ա. Ապրոյանը կարևորեց հատկապես այն, որ ԵՊՀ-ն հնարավորություն է տալիս դրամաշնորհային ծրագրեր գրելու վերաբերյալ հիմնարար գիտելիքներ ստանալու ոչ միայն համալսարանականներին, այլև դրանով հետաքրքրված այլ անձանց:

Խոսելով դասընթացի ընձեռած այլ հնարավորություններից՝ Ա. Ապրոյանը ընդգծեց, որ դրա շնորհիվ կմեծանա հետաքրքրությունը ինչպես ներպետական, այնպես էլ արտասահմանյան դրամաշնորհային ծրագրերին դիմելու նկատմամբ: Նա կարևորեց, որ դասընթացից հետո ևս դրամաշնորհների համակարգման բաժինը պատրաստակամ է օժանդակելու դրամաշնորհային ծրագրերի կազմման և դրանց առնչվող այլ հարցերում։

Անդրադառնալով Արիզոնայի պետական համալսարանի հետ համագործակցությանը՝ դրամաշնորհների համակարգման բաժնի վարիչը կարևորեց վերապատրաստման գործընթացում օտարերկրյա փորձագետների ներգրավվածությունը, որոնք սույն նախաձեռնության շրջանակում դասընթաց կանցկացնեն նոյեմբերին:

«ԱՄՆ Արիզոնայի պետական համալսարանի փորձագետները վերապատրաստման շրջանակում ներկայացնելու են ամերիկյան դրամաշնորհային ծրագրերին դիմելու հմտություններ, որոնց Հայաստանից դիմելու հնարավորություն կա, սակայն վիճակագրությունը փաստում է, որ դրան դիմում են քիչ թվով մարդիկ: Այս վերապատրաստումն իր հերթին կնպաստի հետաքրքրվողների շրջանակի ընդլայնմանը»,- նշեց Ա. Ապրոյանը:

Ա. Ապրոյանը փաստեց, որ վերապատրաստման դասընթացները շարունակական են լինելու: Նրա խոսքով, բացի գիտելիքահենք լինելուց, դրանք նպաստում են նաև բուհի միջազգային ճանաչմանն ու համագործակցությունների շրջանակի լայնացմանը:

Հատկանշական է, որ համալսարանը մշակում է նորարարական մոտեցումներ, որոնցում առանցքային է այն, որ յուրաքանչյուր դասախոս և աշխատակից պետք է ունենա վերապատրաստման մասնակցություն՝ համապատասխան կրեդիտով: Այս համատեքստում կարևոր է այն, որ վերապատրաստման ավարտին մասնակիցներին տրվելու են վկայականներ, որոնք կհավաստեն վերոնշյալը:

Նշենք, որ հետագայում ևս նախատեսվում է անցկացնել այսօրինակ վերապատրաստում, որի մասնակցության համար կարևոր նախապայմաններից է լինելու անգլերենի գերազանց իմացությունը: