ԳլխավորԼուր

Հունիսի 15-ին Հայաստանում նշվում է Պետական դրոշի օրը

Հունիսի 15-ին Հայաստանում նշվում է Պետական դրոշի օրը: «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունել է Գերագույն Խորհուրդը 1990թ.-ի օգոստոսի 24-ին, իսկ 2006թ.-ի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը։

ՀՀ պետական դրոշի օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010-ի հունիսի 15-ին:

Հայաստանի Հանրապետության դրոշը ՀՀ պետական խորհրդանիշներից է։ Այն եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։

Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։

Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1։2-ի։

Հավելենք, որ պետական տոնացույցում Հայաստանի Հանրապետության խորհրդանիշների օրն է հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օրը։