ԳլխավորԽոսք

Ձյունը ժպտում էր աչքերիդ մեջ

Ձմեռային քաղաքի արեւոտ օրվա կեսօրին մի աղջիկ էր նստել ավտոբուսի՝ աջից նախավերջին շարքում՝ պատուհանի մոտ։ Արեւազմայլ հայացքով, մի քիչ էլ մտածկոտ՝ նայում էր պատուհանից՝ կիսաթեք դեպի կիսադատարկ ավտոբուսի հատուկենտ, բայց բարձրաձայն խոսակցություններին։

— Ասում են՝ լույսը փետրվարից թանկանում է։

— Էն մոսկվաներում թուրքերի հետ հանդիպում ենք՝ որ ինչ անենք, դրանցից լավ բան չսպասես։

— Չիմացար՝ Զոյայի մարդու գործերը թարսվել են, էս քանի օրը դեմքից թարախ է թափվում։

— Մերոնք էդ ազիկներին լավ ջարդել էին Շորժայի մոտ, ափսոս, էն 2 երեխու կյանքի գնով։

— Ես դրան լարած բերում եմ՝ քեզ տամ «ռայկոմի» կողմերը, դրանից հետո քշի ոնց գիտես (սա արդեն վարորդն էր հեռախոսով բղավում-ցուցումներ տալիս իր համարակից գործընկերոջը)։

— Ախպերս, մի հազար գցի հաշվիս, մինչեւ տերմինալի հասնեմ։

Հանկարծ աղջիկը ժպիտ դարձավ՝ հընթացս նկատելով, թե մոտակա երկհարկանի շինության տանիքից ինչպես պարելով՝ մի ձյան շերտ պոկվեց-ընկավ՝ մինչեւ գետնին հասնելը ձնափոշին ցուցադրելով-փայլեցնելով արեւի շողերի տակ։ Ու աչքերում ու բերանի մի անկյունում ժպիտը ձգվեց 3-4 կանգառաչափ՝ էլ ավելի լուսավորելով արեւոտ օրն ու լուսաշատ ավտոբուսի կիսաաղմկոտ սրահը։

— Հաաա, քեզ էլ չիպավորին ուրեմն։ Լավ, վայ, կատակ եմ անում, երկրորդ պատվաստում էլ ստացա՞ր։

— Էն Սուրոն էլի գլուխն է գցել Ռուսաստանը, ասում է սկի գարնանը չեմ սպասի, զանգեն թե չէ՝ տոմս եմ առնում։

— Այ մարդ, հազար ասեցի՝ ճաշը բալկոնում եմ դրել, մեկ ա ցուրտ ա։

— Էն հանրի դասատուն հետս չունի, նկատե՞լ ես՝ տեղի-անտեղի գրատախտակի մոտ ա կանչում։

— Նենց եմ հոգնել ամեն ինչից, մի տեղ լիներ՝ մարդ գլուխն առներ-կորչեր։

— Կախած, կախած քշի քեզ ասում եմ։ Ես «Սասի» մոտ եմ, քո հետեւից էն դառը կուտ Արոն է։

Աղջիկն իջավ հերթական կանգառում. ձյունը դեռ փայլում էր նրա աչքերի մեջ, իսկ ժպիտը՝ բերանի անկյունում։

Ա.Կ.