ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում գերհամակարգչային կենտրոն է բացվել

ԵՊՀ-ում գերհամակարգչային կենտրոն է բացվել

ԵՊՀ-ում գերհամակարգչային կենտրոն է բացվել, հայտնում են ysu.am-ից։ Համակարգիչը համալրված է 64 NVIDIA H100 հաշվողական քարտերով։ Գրեթե երկու տարի տևած նախապատրաստական և կազմակերպական աշխատանքներից հետո ավարտվել է գերհամակարգչի տեղակայման և փորձարկման («սթրես-թեստ») գործընթացը։

Գերհամակարգչի թիրախային օգտագործողները լինելու են մեքենայական ուսուցմամբ և արհեստական բանականությամբ զբաղվող հետազոտական խմբերը։ Այն հասանելի կլինի նաև հարակից ոլորտների գիտական խմբերին, ինչպես, օրինակ՝ հաշվարկային ֆիզիկայի, նյութագիտության, հաշվարկային քիմիայի, առողջապահության և կենսաբժշկական հետազոտությունների, կլիմայի մոդելավորման, ռոբոտատեխնիկայի և ինքնավար համակարգերի ոլորտներում գործող հետազոտողներին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ու այլ պաշտոնյաներին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի՝ գիտահետազոտական կազմակերպությունները ժամանակակից արժեքավոր սարքավորումներով վերազինման և համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծման կապիտալ միջոցառման շրջանակում դեռևս 2024 թ. 3,4 մլրդ դրամ է ուղղվել Երևանի պետական համալսարանում նոր գերհամակարգչային կենտրոնի ստեղծմանը: Վերջինիս լիարժեք գործարկումն ու առավել արդյունավետ կիրառությունն ապահովելու համար ձևավորված տվյալների մշակման կենտրոնի մրցունակության բարձրացման նպատակով 2025 թ. հատկացվել է ևս 1,17 մլրդ դրամ։

Ներկայացվել է նաև ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահի վերանորոգման աշխատանքների ընթացքը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews