ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում բացվել է ժամանակակից հիբրիդային ուսուցման խելացի լսարան՝ հագեցած նորագույն տեխնոլոգիաներով, բարձրախոսներով, ձայնին արձագանքող տեսախցիկներով։ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի աջակցությամբ «eCAMPUS» նախագծի շրջանակում բացված այս լսարանը ուսանողների և դասախոսների համար կապահովի ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով ինտերակտիվ դասերի նոր մակարդակ։
Լսարանը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով, որոնք հնարավորություն են տալիս համատեղելու առկա և առցանց ուսուցման ձևաչափերը՝ ապահովելով դասընթացների արդյունավետ անցկացումը, ինտերակտիվ հաղորդակցությունը և կրթական գործընթացի ճկուն կազմակերպումը։ Նորարարական լուծումները նպաստում են ուսանողների ներգրավվածության բարձրացմանը, իսկ դասախոսների համար ստեղծում են դասավանդման նոր հնարավորություններ։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ ֆակուլտետում բացված հիբրիդային ուսուցման խելացի լսարանի նպատակն է ուսումնական գործընթացում առավել ինտենսիվ ներգրավել արտասահմանցի գործընկերներին՝ զարգացնելով միջազգային համագործակցությունը, որը ֆակուլտետի զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է։ Նա ընդգծեց, որ վերջին տարիներին ակտիվացել են թե՛ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում գործընկերների այցերը, թե՛ դասախոսների միջազգային շարժունությունը, իսկ նոր լսարանը՝ հագեցած բարձրախոսներով և ձայնին արձագանքող տեսախցիկներով, հնարավորություն կտա ապահովելու բարձր մակարդակի ինտերակտիվ հիբրիդային դասեր և էապես բարձրացնելու ուսուցման որակը։
«Մենք նպատակ ունենք նորաբաց լսարանները օգտագործելու հնարավորինս հաճախ, եթե ոչ ամեն օր, ապա գոնե շաբաթական մի քանի անգամ՝ կազմակերպելով տարբեր ձևաչափի քննարկումներ, ընդ որում՝ ոչ միայն դասախոսություններ։ Շատ կարևոր է ակտիվ հաղորդակցությունը և այն, որ առաջիկա ամիսներին հնարավորություններ ստեղծենք ուսանողների համար ունենալու ուղիղ հանդիպումներ ու քննարկումներ արտերկրի տարբեր բուհերի ուսանողների հետ և քննարկելու մասնագիտական կամ երիտասարդությանը հետաքրքրող տարաբնույթ թեմաներ»,– ասաց նա և հավելեց, որ նախաձեռնությունը հնարավոր եղավ իրագործել՝ շնորհիվ համալսարանի ղեկավարության և ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի։
ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի փոխտնօրեն Մարի Սանթուրջյանը նշեց, որ «eCAMPUS»-ը քառամյա ծրագիր է, որն իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ, և որի համակարգողն է Երևանի պետական համալսարանը։
«Ծրագրում ներգրավված են եվրոպական մի շարք հեղինակավոր բուհեր, մասնավորապես Ստոկհոլմի թագավորական համալսարանը, Մադրիդի ինքնավար համալսարանը և Պորտուգալիայի առաջատար համալսարանները, որոնք ունեն նման կենտրոններ։ Ծրագրի հիմնական նպատակը բարձրագույն կրթության անցումն է դեպի թվային ուսուցում՝ ժամանակակից թվային գործիքների առավել արդյունավետ կիրառմամբ։ Ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում գործում են երեք նմանատիպ խելացի լսարաններ»,– ընդգծեց նա։
Նշենք, որ բացման խոսքերից հետո խելացի լսարանում անցկացվեց առաջին առցանց դասախոսությունը. Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր Քրիստոֆեր Պալմերը հանդես եկավ «Պատճառահետևանքային վերլուծություն և ծրագրերի գնահատման մեթոդներ» («Causal Inference and Program Evaluation Methods») թեմայով դասախոսությամբ՝ ուսանողներին ներկայացնելով թեմայի հիմնական մոտեցումներն ու կիրառական կարևորությունը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

