ԳլխավորԼուր

Երիտասարդության միջազգային օրը նշվում է Հրազդանում

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2000 թվականից օգոստոսի 12-ը նշվում է որպես Երիտասարդության միջազգային օր: Այս տարի այն կրում է «Սերունդների համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ բոլոր տարիքի մարդկանց համար» խորագիրը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի Հանրապետությունը նույնպես նշում է Երիտասարդության միջազգային օրը՝ կարևորելով երիտասարդության դերն ու նշանակությունը հանրության և պետության զարգացման ու առաջընթացի գործում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հրազդանի համայնքապետարանի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, «The Body Shop»-ի, ինչպես նաև «Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համատեղ ջանքերով օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել «Երիտասարդական մայրաքաղաք» ճանաչված Հրազդան քաղաքում:

Միջոցառումներին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը։

Միջոցառման ընթացքում ներկաներին համառոտ ներկայացվել է տեսանյութ-հաշվետվություն՝ պետական աջակցությամբ երիտասարդական ոլորտում իրականացված ծրագրերի վերաբերյալ։

Ի լրումն՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ևս ներկայացրել է երիտասարդական պետական քաղաքականության գերակա ուղղությունները, պետական աջակցության առանցքային ծրագրերը։ Արթուր Մարտիրոսյանը երիտասարդներին կոչ է արել նաև ակտիվորեն մասնակցել առաջիկայում Հայաստանում անցկացվելիք «STARMUS» գիտության, արվեստի ու երաժշտության 6-րդ միջազգային փառատոնին, որն աննախադեպ իրադարձություն է բոլորիս համար։

Միջոցառման շրջանակում երիտասարդական տարբեր կազմակերպություններ առանձին տաղավարներով հյուրերին ներկայացրել են իրենց գործունեությունն ու անցած ճանապարհը, նպատակներն ու անելիքները աշխատաշուկա, կրթություն, նոր հմտությունների ձեռքբերում, կամավորություն և այլ ոլորտներում։

Օրվա շրջանակում կանցկացվեն քննարկումներ, ինտերակտիվ խաղեր, վարպետության դասեր, շրջայցեր Հրազդանի տեսարժան վայրերով, իսկ երեկոն կամփոփվի «Nemra» խմբի համերգով։

Հավելենք, որ Երիտասարդների միջազգային օրը տարաբնույթ միջոցառումներով նշվել է նաև ՀՀ մյուս մարզերի համայնքներում։