Էրազմուս+ դրամաշնորհային ծրագրի շրջանակում Բուխարեստի Ի. Լ. Կարաջալեի անվան թատրոնի և կինոյի ազգային համալսարանում երկշաբաթյա դասընթաց է անցկացրել ԵԹԿՊԻ-ի դասախոս Հարություն Մինասյանը (Բեգ-Վանյան)։ Դասընթացի ընթացքում նա ուսանողների հետ կիսվել է իր մասնագիտական փորձով ու գիտելիքով՝ անդրադառնալով ժամանակակից թատերարվեստի մեթոդներին, ռեժիսորական մտածողության զարգացման գործիքակազմին, ինչպես նաև դերասանի վարպետության արդի միտումներին։
Դասընթացն ընդգրկել է տեսական ու գործնական բաղադրիչներ։ Հարություն Մինասյանի (Բեգ-Վանյան) վարժանքները և գործնական աշխատանքները խթանել են մասնակիցների ստեղծագործական ինքնաբացահայտումը։ Իսկ այդ ամենն ամբողջացել է ներկայացման տեսքով:
-Կարևոր էր տեսնել, թե ինչպես են տարբեր մշակութային միջավայրերից ուսանողներն ընկալում ու յուրացնում նորարարական մոտեցումները, ինչպես են դրանք համադրում սեփական փորձառության հետ։ Ինձ համար այս փոխանակումը ոչ միայն ուսուցանելու, այլև սովորելու գործընթաց էր, քանի որ մասնագիտական երկխոսությունը միշտ նոր հեռանկարներ է բացում,- ասում է Հարություն Մինասյանը՝ շարունակելով,- Մեծ տպավորություն թողեց մասնակիցների ներգրավվածությունը և նրանց ստեղծագործական մոտեցումն առաջադրված խնդիրներին։ Մենք փորձեցինք համատեղ գտնել նաև թատերական արտահայտչամիջոցների նոր ձևեր, փորձարկել դասական ու ժամանակակից մեթոդները՝ դրանք համապատասխանեցնելով թատերարվեստի պահանջներին,-եզրափակում է երիտասարդ դասախոսը:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews