Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գրադարանը չի փակվել, Usanogh.am-ին հայտնեց ԵԹԿՊԻ-ի մամուլի ու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վովա Արզումանյանը։
Ավելի վաղ կինոգետ Զավեն Բոյաջյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, թե «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում որպես ավելորդություն փակվել ու լիկվիդացվել է ինստիտուտի գրադարանը»։
«Այդ գրառման բովանդակությունն իրականությանը չի համապատասխանում։ Գրադարանը տեղափոխվել է 3-րդ հարկ, որտեղ շարունակում է սպասարկել ընթերցողներին: Գործում է նաև ընթերցասրահը: Ամբողջ գրականությունը պահպանվում է պահոցներում: Դա ժամանակավոր լուծում է՝ մինչև նոր կոնցեպտով ժամանակակից երկհարկանի գրադարանի կառուցումը, որն նախատեսվում է այս ամռանը»։
Վովա Արզումանյանը հավելեց, որ լինելով արվեստի բուհ՝ ԵԹԿՊԻ-ի գրադարանը ժամանակակից լուծումներով են պատկերացնում։ Եվ նաև դա է պատճառներից մեկը, որ այն նոր տարածքում պետք է շարունակի գործունեությունը։
Հիշեցնենք՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 1–ին հարկի 546.8 քառ․ մետր ընդհանուր մակերեսով տարածքը տրամադրվել է Ֆրանսիական ինստիտուտին 10 տարի ժամկետով։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2024. թ. սեպտեմբերի 26-ի նիստում։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews