ԳլխավորԼուր

ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը

ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ծրագրի մասնակցության համար ստացվել էր 130 հայտ. կրթական ծրագրում ընդգրկված կինոարտադրության ոլորտի առաջատար մասնագետների կողմից հարցազրույցի միջոցով ծրագրի մասնակցության իրավունք է ընձեռվել 52 ներկայացուցչի։

Կինոարտադրության ոլորտի հայաստանյան և արտերկրի կայացած և փորձառու մասնագետները կդասավանդեն սցենարի վարպետություն, ռեժիսուրա, մոնտաժի ռեժիսուրա մասնագիտությունները, ինչպես նաև արհեստական բանականության (ChatGPT, Midjourney, Runway) հիմունքները և սկզբունքները, այդ թվում՝ ինչպես AI-ի միջոցով ստեղծել ֆիլմեր:

Ծրագրի շրջանակում մասնակիցների համար վարպետության դասեր կիրականացնի անվանի ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը:

Նախատեսվում են պրակտիկ դասընթացներ, ժամանակակից ֆիլմերի դիտում-քննարկումներ, հանդիպում ֆիլմերի ստեղծագործական կազմերի հետ, ավարտական համատեղ ֆիլմերի նկարահանում:

Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (ԵԹԿՊԻ) գործընկերությամբ:

Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվելու է հավաստագիր: