ԳլխավորԼուր

Ռոզա Լինն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ- 2022»-ում

Այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին, Թուրինում տեղի կունենա «Եվրատեսիլ- 2022» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, հայտնում են Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունից:

Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն իր «Snap» երգով ելույթ կունենա 17-րդ համարի ներքո:

Նրա բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն և խոստանում են, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը ևս հիշարժան կլինի:

Քվեարկությանը մասնակցում են միայն առաջին կիսաեզրափակչի մասնակից երկրները՝ Ալբանիան, Լատվիան, Լիտվան, Շվեյցարիան, Սլովենիան, Ուկրաինան, Բուլղարիան, Նիդերլանդները, Մոլդովան, Պորտուգալիան, Խորվաթիան, Դանիան, Ավստրիան, Իսլանդիան, Հունաստանը, Նորվեգիան և եվրատեսիլյան մեծ հնգյակից Իտալիան ու Ֆրանսիան: Հայաստանից Ռոզայի օգտին քվեարկել հնարավոր չէ, սփյուռքից քվեարկելու համար հարկավոր է «Եվրատեսիլին» հետևել տվյալ երկրի Հանրային հեռուստաընկերությամբ:

Հյուրընկալ RAI հեռուստաընկերությունը շոուին մասնակցելու համար հրավիրել է նաև «Մանկական Եվրատեսիլ-2021»-ի հաղթող, Հայաստանի պատվիրակ Մալենային. առաջին կիսաեզրափակչում անդրադարձ է լինելու նրան և Երևանին՝ որպես այս տարի «Մանկական Եվրատեսիլը» հյուրընկալող քաղաքի:

Առաջին ալիքի եթերում «Եվրատեսիլ-2022»-ը կմեկնաբանեն Հրաչուհի Ութմազյանը և Գարիկ Պապոյանը:

Հաջորդ կիսաեզրափակիչը մայիսի 12-ին է, եզրափակիչը՝ մայիսի 14-ին: