ԳլխավորԼուրՀայաստանս

Ֆրանսիայի Սենատն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձև ընդունեց

Ֆրանսիայի Սենատն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձև ընդունեց, հայտնում է Sputnik Արմենիան։

Բանաձևի ընդունմանը կողմ քվեարկեցին Ֆրանսիայի Սենատի վերին պալատի պատգամավորներից 295–ը, դեմ՝ 1–ը։

Բանաձևի հեղինակներն են Բրունո Ռետայոն, Պատրիկ Կաններին, Էրվե Մարսեյը, Էլիան Ասասին։ Նրանց են միացել նաև պատգամավորներ Քրիստիան Կամբոն և Ժիլբեր-Լյուկ Դևինազը։ Նշենք, որ այս սենատորները 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձև էին մշակել։

Փաստաթղթում առաջարկվում է դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավման և գազի ու նավթի մատակարարումների էմբարգոյի հնարավորությունը։ Բացի այդ, Ադրբեջանից պահանջում են անհապաղ դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից։

Միաժամանակ Սենատը կոչ է անում կառավարությանը քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ ստեղծելու հարցը, ամեն կերպ աջակցել Հայաստանին, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։

Բանաձևի հեղինակները պահանջում են, որ Ֆրանսիայի կառավարությունը երաշխավորի հայ բնակչության և Հայաստանի անվտանգությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, առաջարկում են միջազգային ուժեր տեղակայել տարածաշրջանում։

Սենատորները հաստատում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը, որը կարող է օգտագործվել որպես տևական խաղաղություն հաստատելու բանակցային գործիք։

Նշենք, որ թե՛ ԼՂ անկախության ճանաչման բանաձևը, թե՛ Բաքվի դեմ պատժամիջոցների կիրառման հարցի քննարկումը խորհրդատվական բնույթ են կրում և պարտադիր իրավական ուժ չունեն Ֆրանսիայի կառավարության համար։ Պատժամիջոցների կիրառման հարցը կորոշի կառավարությունը։

Հիշեցնենք` Ֆրանսիայի Սենատը 2020 թվականի նոյեմբերին բանաձև ընդունեց, որով կոչ էր անում կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը։ Բանաձևի ընդունմանը կողմ էր քվեարկել 305 սենատոր, դեմ՝ մեկը։

Սակայն Ֆրանսիայի ԱԳՆ-ն հրաժարվեց ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։