ԳլխավորԼուր

Զոհված զինծառայողի մայրը կալանավորվեց

Գայանե Հակոբյան

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը` Ժորա Չիչոյանի նախագահությամբ, մերժեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի ձերբակալության իրավաչափությանը վերաբերող բողոքը, և նա 1 ամսով կալանավորվեց, հայտնում է Sputnik Արմենիան։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։

«Պարզապես մեզ համար անհասկանալի էր, քանի որ միջնորդության ընթացքը, քննարկման ընթացքը չէր կարող հանգեցնել նման որոշման կայացման։ Միջնորդության բուն ընթացքը ցույց տվեց, որ կալանքի հիմքերը ամբողջությամբ բացակայում են։ Դա բոլորի համար էր տեսանելի, անգամ ոչ իրավաբանի։ Նախագահող դատավորի հարցադրումներով պարզ էր դառնում, որ անգամ նա է դա ընկալում և հասկանում»,-ասաց նա։

Հովհաննիսյանը հայտնեց, որ Գայանե Հակոբյանը դատարանում է եղել։ Նա շարունակում է հացադուլը։

Երբ փաստաբանը հայտնեց, որ դատարանը զոհված զինծառայողի մորը կալանավորելու որոշում է կայացրել, բակում հավաքվածները վանկարկեցին. «Ամո՜թ, ամո՜թ»։

Դրանից հետո զոհված զինծառայողների ծնողները և այլ քաղաքացիներ, որոնք հավաքվել էին Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի մոտ` աջակցելու պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին, Արշակունյաց պողոտայով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ։

Հիշեցնենք` «Հայկական ժամանակը» մայիսի 17-ին տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։

Զոհված զինծառայողի մայրը հացադուլ է հայտարարել։