ԳլխավորԼուրՈւսումնառություն արտերկրում

Գերմանիայում օտարերկրյա ուսանողների թիվը ռեկորդ է սահմանել բնակարանային ճգնաժամի ֆոնին

Գերմանիա

Ավելի ու ավելի շատ ուսանողներ են ցանկանում գնալ Գերմանիա ուսանելու, հայտնում է gslglobal.com-ը։ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության վերջին տվյալները ցույց են տալիս, որ 2023/24 ուսումնական տարում միջազգային ուսանողների թիվը հասել է ռեկորդային մակարդակի՝ 307,900, կազմելով ուսանողների ընդհանուր թվի 13,2% -ը: Այս ցուցանիշը 3% -ով ավելի է, քան նախորդ տարի, ու 15% — ով ավելի 2019-20 ուստարվա համեմատ։

Հիմնական երկրներ

Գերմանիա ուսանելու ամենաշատը եկել են Հնդկաստանից (49,000 ուսանող), Չինաստանից (38,700 ուսանող), Թուրքիայից (18,100 ուսանող), Ավստրիայից (15,400 ուսանող) և Իրանից (15,200 ուսանող): Հատկապես զգալի է Հնդկաստանից ժամանած ուսանողների թվի աճը, որը 2018/19 ուսումնական տարվա համեմատ կազմել է 138%:

Աճի գործոնները

Գերմանիայի պետական համալսարաններում անվճար ուսումը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ուսանողների համար, ամենայն հավանականությամբ, առանցքային առավելություն է միջազգային ուսանողների համար, քանի որ կյանքի արժեքի համաշխարհային ճգնաժամը շարունակվում է:

Այնուամենայնիվ, էժան ուսումնառությունը Գերմանիայում միջազգային ուսանողների աճի միակ գործոնը չէ: Ուսանողական վիզաները և ավարտելուց հետո աշխատանքի իրավունքը վաղուց կարևոր գործոններ են Հնդկաստանի նման երկրների համար, երբ ուսանողներն ընտրում են՝ որ երկիր մեկնել սովորելու։

Գերմանիան մի շարք քայլեր է ձեռնարկել՝ իր աշխատաշուկան միջազգային ուսանողների համար ավելի գրավիչ դարձնելու համար՝ բնակչության ծերացման հետ կապված երկրում աշխատուժի պակասը հաղթահարելու ծրագրերի շրջանակներում: 2024 թվականի մարտին Գերմանիան ավելացրեց այն ժամերի քանակը, որոնց ընթացքում ոչ ԵՄ երկրների ուսանողները կարող են աշխատել՝ շաբաթական 10-ից մինչև 20 ժամ: Գերմանիան նաև թույլ է տալիս ուսանողներին մնալ և աշխատել Գերմանիայում ավարտելուց հետո 18 ամիս:

Ուսանողական բնակարաններ

Ուսանողների թվի աճին զուգահեռ  Գերմանիան բախվում է ցածր գնով ուսանողական բնակարանների պահանջարկը բավարարելու մարտահրավերի հետ: University World News-ի վերջին զեկույցում նշվում է է, որ «Գերմանիայում ուսանողների բնակարանային ճգնաժամը ներկայումս հասել է դրամատիկ չափերի. որոշ ուսանողներ մնում են քնապարկերի մեջ համալսարանական մարզադահլիճներում, իսկ մյուսները ստիպված են լինում ամեն օր երկու ժամ աշխատել՝ դասախոսություններին մասնակցելու համար»:

MLP-ի ուսանողական բնակարանների տարեկան զեկույցը, որը հրապարակվել է 2024 թվականի սեպտեմբերին՝  Գերմանիայի տնտեսական ինստիտուտի հետ համագործակցությամբ, նշում է, որ զեկույցում դիտարկված 38 համալսարանական քաղաքներից 37-ում բնակարանների վարձակալության գները միջինը 5,1% — ով բարձր են, քան 2023 թվականին:

Մյունխենում, օրինակ, 30 քմ մակերեսով ուսանողական բնակարանն այժմ արժե ավելի քան 800 եվրո ամսական, ներառյալ ջեռուցումը, ինչը շատ ավելի բարձր է, քան ուսանողական բնակարանային նպաստի առավելագույն չափը՝ 380 եվրո: MLP-ի զեկույցի համաձայն՝ ուսանողների բնակարանային նպաստը ծածկում է միայն Քեմնից և Մագդեբուրգ քաղաքներում ուսանողական բնակարանի վարձավճարը:

Զեկույցում նաև ընդգծվում է, որ ուսանողական բնակարանային շուկայի վրա ճնշումը սրվում է այն փաստով, որ բնակարանների առաջարկը նվազել է 38 համալսարանական քաղաքներից 29-ում, որոշ դեպքերում այն նվազել է ավելի քան 20%-ով: