Վեց գնացք, այդ թվում՝ Բաթումի–Երևան ուղերթ իրականացնող գնացքը, սողանքի պատճառով չեն կարողացել հասնել մեկնման կետ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով «Վրացական երկաթուղիներ» ընկերությանը։
Սողանքը տեղի է ունեցել Խարագաուլի շրջանի Մարելիսի կայարանում։ Պատճառը հորդառատ անձրևներն են. վնասվել են կոնտակտային ցանցն ու ռելսերը:
«Հայտնի չէ, թե երթևեկությունը երբ կվերականգնվի։ Եթե անգամ վերականգնվի, անվտանգության նկատառումներից ելնելով` այս պահին ուղևորների տեղաշարժը նպատակահարմար չէ», – ասված է հաղորդագրության մեջ:
Կայքը հրապարակել է նաև չեղարկված ուղերթերի ցանկը.
- Բաթումի-Երևան #201,
- Թբիլիսի-Բաթումի #804,
- Թբիլիսի-Փոթի #874,
- Բաթումի-Թբիլիսի #801,
- Բաթումի-Թբիլիսի #807,
- Զուգդիդի-Թբիլիսի #869։
Բոլոր գնացքները կմեկնեն մոտակա կայարան, որպեսզի ուղևորներն այնտեղից կարողանան շարունակել իրենց ճանապարհը։ Ընկերությունը խոստանում է վերադարձնել բոլոր ուղեվարձերը: