ԳլխավորԼուր

Բուհ ընդունվելու 1-ին փուլի քննություններին մասնակցելու 11 606  հայտ է ստացվել. ԳԹԿ

Հայտ, դիմորդ

Բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար Գնահատման և թեստավորման կենտրոնը ստացել է 11 606  հայտ, բայց ընդհանուր առմամբ 21 220 թեստ է պատրաստվելու, քանի որ դիմորդների մի մասը հայտագրվել է 1, մի մասը՝ 2 քննություն հանձնելու համար։

Այդ մասին Usanogh.am-ին հայտնեց ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։

Ամենաշատը հայտագրվել են «Անգլերեն» առարկայից քննություն հանձնելու համար՝  6452 դիմորդ, երկրորդ տեղում է «Մաթեմատիկա» առարկան՝ 5151 դիմորդ, այնուհետև «Հայոց լեզու և գրականություն»՝ 4359 դիմորդ։  Ապա՝

  • «Կենսաբանություն» 1478
  • «Քիմիա» 1251
  • «Հայոց պատմություն» 1236
  • «Ֆիզիկա» 873
  • «Ռուսաց լեզու» 233
  • «Աշխարհագրություն» 101 դիմորդ
  • «Գերմաներեն» 55
  • «Ֆրանսերեն» 27
  • «Իսպաներեն» 4

Հիշեցնենք, որ 2022 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ԳԹԿ-ն ընդունում է երկու փուլով հայտադիմումներ: Առաջին փուլը հունվար-փետրվար ամիսներին անցկացված միասնական քննություններն են, երբ դիմորդը հանձնում է միայն միասնական քննություններ իր նախընտրած առարկաներից՝ առանց բուհ և մասնագիտություն նշելու: Երկրորդ փուլում բոլոր դիմորդները, անկախ առաջին փուլի արդյունքներից, անպայման հայտագրվում են ԳԹԿ-ի dimord.am կայքում՝ ընտրելով բուհը և մասնագիտությունը, քննությունները կհանձնեն հունիս-հուլիսին։

Հավելենք, որ քննությունները կմեկնարկեն հունվարի 25-ին («Հայոց լեզու և հայ գրականություն»)։

2025 թ․-ի բուհերի ընդունելության առաջին փուլի (հունվար-փետրվար) միասնական քննությունների օրերը

2025 թ․-ի բուհերի ընդունելության 1-ին փուլի միասնական քննական կենտրոնները