ԳլխավորԼուր

Վալենտին Սերովի 160-ամյակն է

Վալենտին Սերովն ու Մարիա Ակիմովայի դիմանկարը

Այսօր նշանավոր ռուս նկարիչ Վալենտին Սերովի (հունվարի 7 (19), 1865 — դեկտեմբերի 5, 1911) 160-ամյակն է, հիշեցնում են Հայաստանի ազգային պատկերասրահից։

Սերովը փայլուն դիմանկարիչ էր, բնանկարիչ, պատմական և ժանրային նկարների հեղինակ։ Նա վերակենդանացրեց արվեստում կոմպոզիցիոն դիմանկարը՝ դիմանկար-նկարը։ Սերովը մեծ ավանդ է ունեցել նաև գրաֆիկայի բնագավառում․ զբաղվել է օֆորտով, լիտոգրաֆիայով և գրքային նկարազարդումներով։

Նրա ուշ շրջանի կարևորագույն ստեղծագործություններից մեկը՝ Մարիա Ակիմովայի դիմանկարը, դասվում է արվեստագետի գլուխգործոցների շարքին։ Մարիա Նիկոլաևնա Ակիմովան Մոսկվայի բարերար Վ. Ի. Կանանովայի (Կանանյան) դուստրն էր։ Նրա խորթ հայրը՝ Գեորգի Կանանովը (Կանանյան), Լազարյան լեզվաբանական ինստիտուտի տեսուչն էր (1861 թ.-ից), ապա՝ տնօրենը (1881 թ.-ից)։

Վալենտին Սերով. «Մարիա Ակիմովայի դիմանկարը» (1908)Սերովը դիմանկարն ստեղծել է 1908 թվականին՝ լինելով արդեն հասուն վարպետ։ Կենսագիր Իգոր Գրաբարի խնդրանքով՝ նկարիչը կազմել է իր լավագույն աշխատանքների ցուցակը, որտեղ այս դիմանկարը ներառվել է լավագույն հնգյակում։ Դիմանկարն արտացոլում է Ակիմովայի կյանքի ողջ ընթացքն ու դժվարին պահերը, որոնք արտահայտվում են նրա դիմագծերում և աչքերում։ Ասում են՝ նկարիչն աշխատում էր, երբ Մարիան արդեն լուրջ առողջական խնդիրներ ուներ։

Վալենտին Սերովի մտերիմ ընկեր Կոնստանտին Կորովինը հումորով է մեկնաբանել դիմանկարում օգտագործված վառ գունային լուծումը, հատկապես՝ կապույտի և կարմիրի հակադրությունը. «Էհ, Անտոշա, որ ինձ թողնեիր այդ բարձը նկարել, լրիվ ուրիշ բան կլիներ»: Ի պատասխան՝ Սերովը ժպիտով ասել է. «Բարձը ես երևի քեզնից վատ եմ նկարել, իսկ այ դու փորձիր դեմքն այսպես նկարել»։

1929 թվականին Կանանովան Մարիա Ակիմովայի դիմանկարը նվիրաբերեց Հայաստանի ազգային պատկերասրահին, որտեղ այն պահվում է մինչ օրս։