Հայ նկարիչ, ֆրանսիական Պատվո լեգեոնի ասպետ, փորագրանկարչության, հատկապես օֆորտի խոշորագույն վարպետ Էդգար Շահինը (1874-1947) 20-րդ դարի ճանաչված հայ արվեստագետներից է Ֆրանսիայում:
Ծնվել է Վիեննայում 1874-ի հոկտեմբերի 31-ին, մանկությունն անց է կացրել Կ. Պոլսում: Նկարչական առաջին քայլերը կատարել է Մելքոն Տիրացույանի մոտ, իսկ գեղարվեստական սկզբնական կրթություն ստացել է Վենետիկի Մուրադ Ռափայելյան վարժարանում՝ Պաոլետիի մոտ: Հիմնական կրթություն ստացել է Փարիզի Ժյուլիեն ակադեմիայում: Շահինն իր մասին ասել է. «Ես փողոցի աշակերտ եմ»՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսուցիչները քիչ ազդեցություն են ունեցել նրա վրա:
Շահինը ստեղծագործական ասպարեզ է մտել որպես գեղանկարիչ, սակայն կարճ ժամանակահատվածում վրձինը փոխարինել է փորագրիչով, չոր ասեղով: Երիտասարդ տարիքում Շահինը մասնակցել է ցուցահանդեսների Փարիզում և Վենետիկում՝ արժանանալով ոսկե մեդալների:
Շահինի կերպարները վերցված են փարիզյան տարբեր միջավայրերից: Նրա նկարներում կարևոր տեղ են գրավում անգործ թշվառները, աշխատավորները: Նա հեղինակ է մի շարք բնանկարների, դիմանկարների, գրքի նկարազարդումների:
Ապրելով Փարիզում՝ Շահինը մշտապես կապ է պահպանել հայրենիքի և նրա մշակույթի հետ: Հայ իրականությանը նվիրված տասնյակ գործերից ուշագրավ են «Ալևոր հայը», Պողոս Նուբարի, տիկին Զարմիկյանի, օրիորդ Երամի և ուրիշների դիմանկարները։ Գրիգոր Զոհրապի առաջարկությամբ ստեղծել է մի օֆորտ, որտեղ պատկերել է սպանդից փրկված հայ որբերի։
1995 թվականին Ֆրանսիայի Ժիզյո քաղաքից (Նորմանդիա) ոչ հեռու, Սեն Միշելում, բացվել է Էդգար Շահինի թանգարանը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։