ԳլխավորԼուր

Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Արկադի Բաղդասարյանը՝ Արկոն

Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, Հայաստանում աբստրակտ արվեստի հիմնադիրներից Արկադի Բաղդասարյանը, հայտնում են Հայաստանի նկարիչների միությունից։

6 օր առաջ նա դարձել էր 77 տարեկան։

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ վաստակավոր նկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, Արկադի Բաղդասարյանը (Արկո):

Հայաստանի նկարիչների միությունը իր ցավակցությունն է հայտնում Արկադի Բաղդասարյանի ընտանիքին և հարազատներին»,-նշված է գրառման մեջ:

Արկադի Բաղդասարյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով:

Նկարիչը ծնվել է 1945 թ. օգոստոսի 25-ին Բաքվում: 1965 թ. ավարտել է Բաքվի գե­ղարվեստի ուսումնարանը, 1971 թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստի­տուտը: 1974-982 թթ. դասավանդել է նույն ինստիտուտում:

Գեղանկարչական երկե­րում անուղղակիորեն միահյուսել է մանրանկարչության և արդի գեղանկարչության ավանդույթները: Արկադի Բաղդասարյանի հեղինակած գործերից են «Ինֆու­զորիա» (1974 թ.), «Կոմպոզիցիա» (1988 թ.), «Նոկտյուրն Ա», «Նոկտյուրն Բ» (երկուսն էլ` 1994 թ.), «Կոմպոզիցիա», «Խաչելություն» (երկուսն էլ` 2000 թ.), «Հայաստան», «Քրիստոս», «Հրեշտակ» (երեքն էլ` 2001 թ.) և այլն: Նրա ստեղծած կտավներին բնորոշ են խիստ մշակված պայծառ մակերեսները:

Նկարիչը անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Երևանում (1975 թ., 1976 թ., 1977 թ., 2000 թ.), Գերմանիայում (Մարբուրգ՝ 1988 թ., Ֆոլդա՝ 1989 թ., Քյոլն՝ 1991 թ., Կասել՝ 1997 թ.), Մոսկվայում (1989 թ.), Փարիզում (1997 թ.) Ստեփանակերտում (2001 թ.):

1976 թ.-ից Արկադի Բաղդասարյանը եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ:

2003 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի, իսկ 2015 թ.՝ Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: