ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն 11-րդ անգամ անցկացնում է Համահայկական հայագիտական օլիմպիադան:
Այս տարի օլիմպիադային մասնակցել է 14-18 տարեկան 53 պատանի՝ Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Իսպանիայից և Քուվեյթից:
Օլիմպիադան անցկացվել է երեք թեմատիկ ուղղությամբ՝ հայոց լեզու, գրականություն և հայոց պատմություն: Հարցաշարերը կազմել են մասնագիտական հանձնաժողովները, որոնց կազմը համալրվել է տարբեր բուհերից: ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանի խոսքով՝ օլիմպիադան այս տարի անցկացվել է այլ ձևաչափով՝ որպես ստուգատես, այլ ոչ թե մրցույթ, հետևաբար հաղթողներ չեն առանձնացվել: Մասնակիցներին հարցերի շրջանակ ևս նախապես չի տրվել:
Օլիմպիադայի կազմակերպման գործընթացում նոր ձևաչափ էր նաև վիկտորինայի անցկացումը: Թիմերը ձևավորվել են տարբեր համայնքների մասնակիցներից՝ միմյանց ծանոթացնելու և նրանց միջև նոր կապեր հաստատելու նպատակով:
Օլիմպիադայի շրջանակում անցկացվել են երգի, ասմունքի միջոցառումներ, խոհարարական վարպետության դասեր, ինչպես նաև ուսումնաճանաչողական այցեր Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդ վանական համալիր և Սևանավանք: Հուշարձաններ այցերի ընթացքում սփյուռքահայ պատանիներին մանրամասն ներկայացվել են դրանց պատմությունն ու մշակութային արժեքը:
Օլիմպիադայի ավարտին երեխաներին տրվել են մասնացության վկայականներ, իսկ համայնքներին՝ խորհրդանշական նվերներ: