ԳլխավորԼուրՀայաստանս

7000 հազարից ավելի մասնակից. Համահայկական 8-րդ խաղերն ավարտվեցին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Օգոստոսի 19-ին Գառնիում հանդիսավոր արարողությամբ տեղի է ունեցել օգոստոսի 6-ին մեկնարկած Համահայկական խաղերի փակումը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մարվել է Խաղերի ջահը, իջեցվել դրոշը

«Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո Համահայկական 8-րդ խաղերը շաբաթով Հայաստանում էին միավորել 41 երկրների 181 քաղաքների ավելի քան 7000 մարզիկների։

8 երկիր առաջին անգամ էր ներկայացուցիչ ունենում խաղերում։

Ամենամեծը Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունն էր՝ 24 քաղաքների 705-հոգանոց թիմ։ Ամենափոքր պատվիրակությունն ունեցող երկրներն էին Հունաստանը, Սինգապուրը, Հորդանանը և Չեխիան՝ 1-ական հոգի։

Համահայկական խաղերում կայացան 19 մարզաձևերի մրցումներ, խաղարկվեց մեդալների 107 հավաքածու: Մրցումները սպասարկեցին շուրջ 500 մրցավարներ։

Ամենաշատ մեդալները նվաճել են Երևանի պատվիրակները։ Ընդհանուր առմամբ մեդալներ են նվաճել 15 պետությունների 48 քաղաքներ։

Միջոցառման ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մրցանակներ է հանձնել՝ «Համահայկական խաղերի գեղեցկուհի», «Լավագույն պատվիրակություն», «Արդարացի խաղ», «Համահայկական խաղերի հայտնություն», «Մարզական ոգի և արիություն», «Լավագույն քաղաք՝ արտերկրի և Հայաստանի Հանրապետության» անվանակարգերում հաղթողներին։

«Համահայկական խաղերի գեղեցկուհի» մրցույթում հաղթող է ճանաչվել ԱՄՆ Բևերլի Հիլզ քաղաքի բասկետբոլիստուհի Աննա Ասլանյանը։

«Լավագույն պատվիրակություն» է ճանաչվել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի պատվիրակությունը։

«Արդարացի խաղ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի պատվիրակությունը։

«Համահայկական խաղերի հայտնություն» անվանակարգում հաղթել է Ղազախստանի թիմը։

«Մարզական ոգի և արիություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ստեփանակերտի թիմը։

«Լավագույն քաղաք» անվանակարգում հաղթել են Լոնդոնն ու Արթիկը։