ԳլխավորԼուր

Վատ նորություն՝ համարանիշների գողերի համար

Հայաստանում գողության նոր տեսակը շուտով անիմաստ կդառնա։ Այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Գողանում են ավտոմեքենաների համարանիշները և, սեփականատերերից դրամ շորթելով, վերադարձնում»,– ասաց նա` հիշեցնելով, որ վերջին շրջանում նման գողություններով զբաղվող մի քանի խմբեր բացահայտվել են, բայց դրանով հարցը չի լուծվել։

Հանցատեսակն անիմաստ դարձնելու համար կառավարությունը որոշել է հարցին օրենսդրական կարգավորում տալ։

Եթե գործող օրենսդրության համաձայն` ավտոմեքենայի պետհամարանիշի գողության դեպքում սեփականատիրոջը կրկնօրինակի տրամադրում չէր նախատեսվում, ապա նոր կարգավորմամբ ոստիկանությունն առաջարկում է յուրաքանչյուր անգամ այն փոխարինել նորով` համարանիշի անկյունում նշելով դրա հերթական համարը, թե որերորդ անգամ է տրվել տվյալ համարանիշը։

«Առաջարկվող նախագծով զույգ համարանիշների կորստի դեպքում օգտագործողին իր ցանկությամբ պետական տուրքի 12 000 դրամ վճարի դիմաց կհատկացվի նոր համարանիշների կրկնօրինակը», – այսօր կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։

Կառավարությունը հաստատեց առաջարկվող որոշումը։ Այն ուժի մեջ կմտնի 3 ամիս հետո, որպեսզի ոստիկանությունը հասցնի կարգավորել համարանիշների վրա հերթական համար ավելացնելու տեխնիկական հարցերը։

Comment here