ԳլխավորԼուր

24 մլն դրամ վճարել ու ծառայել մի քանի ամիս. նախագիծ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով առաջարկվում է 24 մլն դրամ վճարելու պարագայում երկու տարվա փոխարեն մի քանի ամիս դարձնել պարտադիր զինծառայությունը։

Օրենքի ընդուման դեպքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգը փոխարինվում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգով, այդ ծառայությունն անցած զինծառայողների համար սահմանվում է պատվովճարի հաշվարկում՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափով և կարգով, ներդրվում է շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ծրագրի դադարեցմամբ պայմանավորված սահմանվում են անցումային դրույթներ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին համապատասխան պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության փոխարեն շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ և շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայության ընթացակարգ ներդնելու անհրաժեշտությամբ:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով ներդրվեց Պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգ, որը ենթադրում էր 36-ամսյա ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության անցում՝ նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու միջոցով: Համակարգը նախատեսում էր շարքային կազմի մյուս պարտադիր զինծառայողների համեմատ ավելի մեծ չափով ամսական դրամական բավարարման հաշվարկում (ՀՀ կառավարության 02.10.2014թ. N 1085-Ն որոշման համաձայն՝ 35.000-45.000 դրամ չափով), ամսական 7 օրացուցային օր ժամկետով արձակուրդի տրամադրում և ծառայության ժամկետի ավարտով կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքերում պատվովճարի հատկացում (ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 456-Ն որոշման համաձայն՝ 5 մլն դրամ չափով): Համակարգի ներդրումից հետո համապատասխան ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների քանակն ի սկզբանե չբավարարեց ակնկալվող քանակները՝ աստիճանաբար նվազելով, ինչպես նաև 2021-2022թթ. զորակոչերի ընթացքում չարձանագրվեց ոչ մի դիմում:

Բացի այդ, 2020 թվականի ռազմական գործողություններից հետո բավական թվով զինծառայողներ վաղաժամկետ հրաժարվեցին ծրագրից և շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով արձակվեցին զինվորական ծառայությունից:

Ներկայումս ծրագրով զինվորական ծառայությունը շարունակում են ընդամենը երեք զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին:

Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ներդնել նոր ծրագիր, այս անգամ՝ շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման միջոցով («Հայրենյաց պաշտպան» ծրագիր), որի ժամկետը նախատեսվում է 5 տարի, ինչպես նաև կնքած պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կհաշվարկվի պատվովճար՝ 5 մլն դրամ չափով, որը զինծառայողը (կամ քաղաքացին) տնօրինելու է իր հայեցողությամբ:

Ընդ որում, գործող օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանվող կարգի փոխարեն գործընթացը կարգավորվելու է ՀՀ կառավարության որոշմամբ: Միաժամանակ, նախկին ծրագրով զինվորական ծառայություն անցնող և անցած զինծառայողների (նախկին զինծառայողների) համար, ծրագրի դադարեցմամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել օրենքով և ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 456-Ն որոշման համաձայն հաշվարկվող պատվովճարի գումարի տնօրինման իրավունքը սահմանել այդ անձանց հայեցողությամբ՝ առանց Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ուղղությունների:

Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ։