«Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել «Առ քո թևերին, տար ինձ ժամանակ» խորագրով գրական ցերեկույթը՝ նվիրված Համո Սահյանի 110-ամյա հոբելյանին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Մտահղացումը կյանքի է կոչվել Երևանի թիվ 185 և Մ. Մեծարենցի անվան 146 հիմնական դպրոցների համատեղ նախաձեռնությամբ: Մասնակցել են երկու դպրոցների 50 աշակերտներ։
Միջոցառմանը ներկա են եղել Համո Սահյանի որդին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության, Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի, հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներ:
Բանաստեղծի մասին հուշեր է պատմել որդին՝ Նաիրի Սահյանը.
«Հայրս համեստ ու հասարակ մարդ էր, միշտ ասում էր՝ «Ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ» ու միշտ պարծենում էր դրանով: Բայց, միևնույն ժամանակ, նրա ամեն ինչն էր տպավորիչ: Նրա ամեն խոսքը գնում, հասնում էր մինչև հոգուդ հատակը: Հայրենիքը միշտ համեմատում էր մոր հետ»,- պատմել է Նաիրի Սահյանը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին:
Միջոցառման ավարտին հյուրերը գրքեր են նվիրել դպրոցների գրադարաններին։



