Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-22-ը Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը:
2022 թվականից Կոմպլյուտենս համալսարանում ՀՀ պետական ֆինանսավորմամբ գործում է Իսպանիայում առաջին հայագիտական ամբիոնը՝ Աշխարհագրության և պատմության ֆակուլտետի կառուցվածքում, որը ղեկավարում է պրոֆեսոր Ֆրանցիսկո Զորյանը:
Համաժողովին ներկա Վենետիկի, Հռոմի, Զալցբուրգի, Լայպցիգի, Սինալոայի, Թրակիայի Դեմոկրիտի, Քենեդիի, Ռոսարիոյի, Հալլե-Վիթենբերգի Մ. Լյութերի անվան և մի շարք այլ օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների ղեկավարները ներկայացրել են սահիկաշարեր՝ նվիրված իրենց ամբիոնների, կենտրոնների գործունեությանը և իրականացված ծրագրերին:
Համաժողովին մասնակցել են ԿԳՄՍ փոխնախարար Արթուր ՄարտիրոսյանըԲԿԳ կոմիտեի փոխնախագահ Արթուր Մովսիսյանը, Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը:
Համաժողովին ներկա են եղել նաև Մատենադարանի, Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներ: Համաժողովը վարել է Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը: Առցանց զեկույցով հանդես է եկել Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանույշ Դվոյանը: