ԳլխավորԼուր

Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը ավարտեց իր առաքելությունը

«Հայասաթ-1» արբանյակ

Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը՝ մշակված «Բազումքի» և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի կողմից, ապրիլի 26-ին վերջին անգամ հատել է Կարմանի գիծը (տիեզերքի պայմանական սահմանը) և ավարտել իր առաքելությունը, նշված է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի ֆեյսբուքյան  էջում:

«Մենք խորապես հպարտ ենք «Հայասաթ-1»-ով և շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր աջակցել են այս պատմական առաքելությանը։ Սա միայն սկիզբն է։

Արձակումից ի վեր, մթնոլորտային դիմադրության պատճառով, մեր արբանյակի, ինչպես և Երկրին մոտ պտտվող բոլոր արբանյակների ուղեծրերի բնականոն իջնելը տեղի է ունեցել սպասվածից ավելի արագ՝ այս տարիներին ռեկորդային արեգակնային ակտիվության պատճառով, ինչը առավել տաքացրել է մթնոլորտը, փքել այն և մեծացրել դիմադրությունը։

Այդուհանդերձ, «Հայասաթ-1»-ը կատարեց իր առաքելությունը և տվեց մեզ անհրաժեշտ արժեքավոր տեղեկություներն ու փորձը, ինչը մեզ թույլ կտա շարժվել առաջ` դեպի ավելի մեծ և ավելի հավակնոտ նպատակներ»,-նշված է գրառման մեջ։

Նշենք, որ «Հայասաթ-1»-ը՝ լաբորատորիայում հավաքված առաջին արբանյակը, հաջողությամբ ուղեծիր է դուրս բերվել (մոտ 550 կմ բարձրության վրա) 2023 թվականի դեկտեմբերին, 5 տարի ծառայության ժամկետով։ Այն պատկանում է փոքր խորանարդաձև արբանյակների դասին (cubesat), կշռում է ընդամենը մոտ մեկ կիլոգրամ և սակավաթիվ սարքերով է հագեցած, քանի որ ամեն դեպքում ուսումնական մոդել է։

Սա Հայաստանում ստեղծված առաջին արբանյակն է, քանի որ «ArmSat»-ը, որը գործարկվել է 2022 թվականի մայիսին, արտադրվել էր Իսպանիայում (թեև Հայաստանի կառավարության պատվերով)։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews