ԳլխավորԽճանկարՀայաստանս

Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ծննդյան օրն է. հատված՝ «Չէին սպասում» հաղորդումից

Ռազմական գործիչ, Հայաստանի ԶՈւ գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի մասնակից, Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար,  Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ծննդյան օրն է (մայիսի 22, 1939 — մարտի 31, 2021)

Ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում։ Հայրը Հայոց ցեղասպանությունը վերապրածներից է։ 1915-ի դեպքերից հետո հաստատվել է Անիի Մայր տաճարի դիմաց՝ Արաքսի հայաստանյան ափին գտնվող Խարկով փոքրիկ գյուղում, ու ստանձնել տեղի բնակչության հոգևոր հովվի պարտականությունները։ 1937-ի ստալինյան բռնաճնշումների տարիներին գյուղացիների հարգանքը վայելող հոգևորականը, նախապես տեղեկանալով, որ իրեն պատրաստվում են աքսորել, հասցնում է հեռանալ գյուղից։ Նախ՝ մեկնում է Ռուսաստան, այնուհետև հաստատվում Վրաստանում՝ Թբիլիսիում, որտեղ էլ ծնվում է ապագա հրամանատարը։

Միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիի համար 9, իսկ հետո՝ համար 10 ռուսական դպրոցներում։ Մի առիթով Կոմանդոսը պատմել է, որ դպրոցական տարիներին առիթ է եղել մասնակցելու մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայի։ Ե´վ ինքը, և´ ուսուցիչները վստահ են եղել, որ ոսկե կամ արծաթե մեդալի հավակնորդ աշակերտը ձեռնունայն չի վերադառնա։ Մնում էր կատարել միակ պահանջը, որ դրված էր մրցույթին մասնակցելու համար՝ փոխել հայկական ազգանունը. պահանջը չի բավարարվում։ Ա․ Տեր-Թադևոսյանն ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ Կոմանդոսը նախ ծառայության է անցնում Գյումրիում, հետո՝ Երևանում՝ միաժամանակ դասախոսելով գյուղատնտեսական ինստիտուտում՝ որպես ռազմական ամբիոնի դասընթացակարգի (ցիկլի) պետ։

Տեր-Թադևոսյանը Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։ 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է Հայաստանի պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին։

1992-2001 թթ. ծառայել է ՀՀ ՊՆ-ում։ 1992- 1993 թթ. եղել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, այնուհետև ոչ համազորային պատրաստության վարչության պետ։ 1993-1995 թթ. ղեկավարել է ՀՀ ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունը։ 1996 թ. եղել էՀՀ պաշտպանության նախարարի օգնականը։ 2001 թվականից ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական րնկերության նախագահն էր։