ԳլխավորՀայաստանս

Գագիկ Ստեփանյանի՝ Հեթանոս Գագոյի ծննդյան օրն է

Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Ստեփանյանի՝ Հեթանոս Գագոյի (փետրվարի 13, 1967-մարտի 16, 1994, Արցախ) ծննդյան օրն է։

…1994 թվականի մարտի 16-ի առավոտից մշուշը ծածկել էր լեռները։ Մառախուղն օգտագործելով՝ ադրբեջանցիներն սկսեցին հարձակումը։ Թեժ կռիվներում նրանց հաջողվեց գրավել հարևան մի քանի հայկական դիրքեր։ Երրորդ դիրքը մասամբ շրջապատված էր, Գագիկը վիրավոր էր, վերջանում էր ռազմամթերքը։ Նա հրամայեց իր զինվորներին թողնել դիրքերը, որպեսզի խուսափեին շրջափակումից, իսկ ինքը վիրավոր ոտքով մնաց դիրքերում և գնդացրով շարունակեց պաշտպանել զինվորների նահանջը։

Օգտագործելով մառախուղն ու ծխագլանիկները՝ նա տեղից տեղ էր անցնում, ստեղծելով պատրանք, որ պաշտպանական գծում գործում է մի ողջ ջոկատ։ Ադրբեջանցիները մարտի մեջ մտցրին իրենց բոլոր ուժերը։ Վիրավոր ոտքը սառել ու ծանրացել էր։ Գագիկը ևս մեկ անգամ վիրավորվեց ու թողեց գնդացիրը։ Դիրքերին մոտեցած թշնամին առաջարկեց հանձնվել։ Գագիկը շարունակեց կռիվը, սակայն դա երկար չէր կարող շարունակվել։ Նա չափից շատ արյուն էր կորցրել։ Նա ուժասպառ եղած ընկավ և դիմադրությունը դադարեց։

Միայն որոշ ժամանակ անց վախեցած ադրբեջանցիները մոտեցան խրամատներին։ Նրանք չէին հավատում, որ այդքան ժամանակ իրենց հարյուրավոր զինվորներին դիմակայում էր ընդամենը մեկ մարդ։ Իր աչքերին չհավատացող հրամանատարը որոշեց տեսնել այդ խիզախին, ով կարողացել էր անհավասար մարտում տասնյակ թշնամական զինվորի գետին փռել։ Նա շրջեց ընկած Գագիկին։ Վերջինս մեկ ակնթարթ բացեց աչքերը և քաշեց նռնակի օղակը։ Ահա այսպես զոհվեց Հեթանոս Գագոն՝ իր հետ տանելով ևս մի քանի ադրբեջանցու։

1995 թվականին ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ Գագիկ Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է Մարտական խաչի 1-ին աստիճանի շքանշանով։

1999 թվականի Երևանի քաղաքապետի հրամանով թիվ 135 դպրոցը անվանակոչվել է Գագիկ Ստեփանյանի անունով։

Comment here