Հաղորդավար Աիդա Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գիմնազիայում սովորելու տարիներին, հակառակ Դրոյի ուշիմությանն ու սուր մտքին, ուսուցիչները գագատվում էին նրա ծուլությունից ու չարություններից: Տեսուչը օձիք էր թափ տալիս, կանչում էր հորը, որ խրատի որդուն: Հայրը խրատում էր «երեխին», հորդորում, որ դպրոցն ավարտի, «մարդ դառնա», բայց երեխան չէր ուզում «մարդ դառնալ»: Նրա խելքն ու միտքը դրսի աշխարհն էր,սահմանի մյուս կողմից հնչող հայդուկների հրացանների որոտը:
Եվ Դրոն որոշում է թողնել գիմնազիան ու մտնել զինվորական դպրոց՝ վերջը հեղափոխական մարտիկ դառնալու նպատակով:
Բայց զինվորական դպրոց ընդունվելու համար պետք էր բարձր նիշեր ունենալ, իսկ իր նիշերը… ողբալի էին:
Անհամարձակ գնում է տեսուչի մոտ, թե՝
-Պարոն տեսուչ, ուզում եմ գնալ զինվորական դպրոց, բայց… նիշերս… կարելի՞ է մի բան անել…
-Սիրելի’ս, ուրախանում է տեսուչը, քո բոլոր երեքները հինգ կդարձնեմ, վարքիդ զերոն հինգ ու խաչ կանեմ, միայն թե գնաս… Կմաղթեմ քեզ հաջողություն, որ զորավար դառնաս…
Ու…. փառավոր վկայականը ձեռքին՝ Դրոն հեռանում է Երևանի գիմնազիայի չորրորդ դասարանից:
«Մրրկածին Դրոն» գրքից
Եվ ահա, անունով խմբապետ, կոչումով հեղափոխական, փորձառությամբ զինվորական Դրաստամատ Կանայանը, նույն ինքը՝ Դրոն, 1918 թվականի մայիսի 23-27-ին ստանձնեց Ապարանի ճակատամարտի հրամանատարությունը։ Բաշ- Ապարանի ճակատամարտը, հիրավի, Դրաստամատ Կանայանի փառքի գագաթնակետն էր։
Հայ ժողովրդի համար ամենաօրհասական այդ օրերին նա կարողացավ ո՛չ միայն կասեցնել թուրքական 13.000-ոց զորաբանակի առաջխաղացումը դեպի Երևան, այլև ջախջախիչ հարված հասցրեց թուրքերին, որոնք խուճապահար փախան մարտադաշտից»։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։