ԳլխավորՀայաստանս

«Չթողնեք ինձ այստեղ և վրեժս լուծեք». Գուրգեն Տեր-Մովսիսյանց

Քաղաքագետ, պատմաբան, արձակագիր Արծրուն Պեպանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանցի լուսանկարը` կից գրելով.

«1918-ի մայիսի 25-ին, 24-ամյա շտաբս կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանցն իր կյանքը նվիրաբերեց Հայրենիքին, այր, ում հերոսությունը եթե չլիներ, գուցե թե մենք այսօր պետություն չունենայինք:

1918 թվական: Թուրքական բանակը, չհանդիպելով որևէ դիմադրության, մայիսի 19-ին հայտնվեց Ղարաքիլիսայի մատույցներում:

Հայկական զորքերի հրամանատար, գեներալ Թովմաս Նազարբեկյանը պահանջում է Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդից՝ շուտափույթ հաշտություն կնքել թուրքերի հետ: Ուստի, նրա տեղակալ գնդապետ Բեյ-Մամիկոնյանը Դիլիջանում սպաների խորհրդակցություն է հրավիրում եւ ներկայացնում Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սեւան ու թաղել Չիբուխլու գյուղի մոտ:

Գուրգեն Տեր-Մովսիսյանցն այդ պահին անմիջապես ոտքի է կանգնում եւ հայտարարում. «Ես չե՛մ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանություն է։ Ո՛չ ոք իրավունք ունի այդպես վարվելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատը՝ մեռնելու։

Ով տղամարդ է եւ հայու արյուն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ ետեւից գա»:

Այս ասելով` կապիտան Մովսիսյանցը լքում է խորհրդակցության սրահը և իր հրետանավորներին պատրաստում Ղարաքիլիսա մեկնելու:

Այստեղ նկատենք, որ մի քանի օր առաջ Արամ Մանուկյանը հեռախոսազրույց ունենալով Դիլիջանում գտնվող Ալեքսանդրապոլի Ազգային Խորհրդի նախագահ Հակոբ Տեր- Հակոբյանի հետ, ասել էր՝ «Պատրաստվում ենք վճռական ճակատամարտ տալու Սարդարաբադի մոտ: Ի սեր Աստծո, գոնե երեք օր պաշտպանեցեք Ղարաքիլիսայի ճակատը, որ թշնամին իր այդ կողմի ուժերը չբերի մեր վրա»:

Շտաբս-կապիտան Պետրոսյանցը այս դեպքից մեկ ամիս անց իր զեկուցագրում նշել է. «Մարտկոցն իր գեղանի-հերոս հրամանատարի` շտաբս կապիտան Մովսիսյանցի գլխավորությամբ, ում հավատում էին բոլոր զինվորներն ու սպաները, երգելով, ուրախ կանչերով, բոլորը ձիերի վրա, շարժվեցին առաջ մարդկանց չդադարող ուռաների ու ծնկաչոք կանանց կողմից հնչեցվող բարեմաղթանքների ուղեկցությամբ: Մարտկոցը ողջ գիշեր առանց ընդմիջման շարժվեց առաջ, և մայիսի 24-ի առավոտյան հասանք Ղարաքիլիսա»:

Ղարաքիլիսա են մեկնում նաև Դիլիջանում գտնվող զինվորականները, ինչպես նաև Նժդեհի կոչով զենք վերցրած աշխարհիկ տղամարդիկ:

Նժդեհն ու Բեյ-Մամիկոնյանը կազմակերպում են հայոց ցաքուցրիվ ուժերի դիմադրությունը:

Կապիտան Մովսիսյանցը մայիսի 25-ին զոհվում է մարտում:

Շտաբս-կապիտան Պետրոսյանցը հիշում է. «Հանկարծ տեսանք, թե ինչպես հրամանատար Մովսիսյանցը ընկավ ձիուց, իսկ ձին սլացավ: Նետվեցինք առաջ, բարձրացրինք նրան, բայց մեր հերոս հրամանատարն արդեն չկար. փամփուշտը խոցել էր նրա որովայնը: Նա հասցրեց ասել` չթողնեք ինձ այստեղ և վրեժս լուծեք»:

Մեր բոլոր զինվորները, թողնելով հրանոթները և վերցնելով հրացանները, նետվեցին թուրքերի վրա՝ կանչելով. «Չկա հրամանատարը, էլ ինչու ենք ապրում մենք»:

Փամփուշտների հեղեղի տակ ես ստիպված էի ձիով ընթանալ ռազմի դաշտում և աղաչել զինվորներին ետ գալ ու հրանոթները գործարկել»:

Զինվորները կատարում են իրենց հրամանատարի վերջին պատգամը` վրեժ լուծել թուրքերից:

Ղարաքիլիսայի ճակատամարտը տևում է 4 օր՝ մայիսի 25-28-ը: Թուրքերի առաջխաղացումը կաշկանդվում է և նրանց հյուսիսային բանակը զրկվում է Երևանի մոտերքում գտնվող զորքին աջակցության հասնելու հնարավորությունից: Եվ հայերին հաջողվում է շահել Սարդարապատի ճակատամարդը ու փրկել երկիրը:

Ամենևին սխալված չենք լինի, եթե ասենք, որ եթե հայերը համաձայնեին հրամանատարության պահանջին ու զենքերը վայր դնելով՝ հանձնվեին թուրքերի հյուսիսային բանակի ողորմածությանը, ապա գուցե թե չլիներ այսօրվա Հայաստանը: Եվ այդտեղ անգնահատելի է կապիտան Գուրգեն Տեր- Մովսիսյանցի սխրանքը»:

Comment here