ԳլխավորԼուր

Հոգեբանական պատճառներից առաջանում է այս կամ այն հիվանդությունը. սեմինար՝ ԵՊՀ-ում

Հոգեբանական սեմինար՝ ԵՊՀ-ում

ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնում անցկացվեց «Հոգեթերապիայի հոգեսոմատիկ խանգարումների խնդիրը․ դուալիզմից մինչև ամբողջական մոտեցում և գեշտալտ թերապևտիկ հեռանկարները» խորագրով սեմինար։

Ընդհանուր հոգեբանության ամբիոնն այս ամիս կազմակերպում է գիտական սեմինարների շարք։ Այդ շրջանակում հոգեբանական գիտությունների թեկնածու, Մոսկվայի գեշտալտ թերապիայի և խորհրդատվության ինստիտուտի ռեկտոր, «Գեշտալտ թերապիայի եվրոպական ասոցիացիայի» անդամ, «Ռուսալեզու գեշտալտ ինստիտուտների ասոցիացիայի» նախագահ Օլեգ Նեմիրինսկին ներկայացրեց գեշտալտ թերապիայի պաթոլոգիայի ընդհանուր գաղափարը։

Բանախոսության ժամանակ հոգեբանը անդրադարձավ հոգեսոմատիկ խանգարումների գեշտալտ թերապիայի երկու հիմնական ռազմավարություններին, թերապիայի գծային և դիալեկտիկական մոդելներին և այլ թեմաների։ Սեմինարի օրակարգում ընդգրկված թեմաներից էին նաև բժիշկների և հոգեբանների ամենօրյա դուալիզմը և հարակից հարցեր։

«Սեմինարը վերաբերում էր հոգեսոմատիկ խանգարումներին, գեշտալտ թերապիայի երկու հիմնական ուղղություններին, դրանց աշխատանքին և մարդու առողջության վրա այդ խանգարումների հոգեբանական ազդեցությանը: Հոգեսոմատիկ խանգարումները կարող են առաջանալ տարաբնույթ խնդիրների, փոխհարաբերությունների արդյունքում, որոնք հաճախ պայմանավորված են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով»,- ընդգծեց Օլեգ Նեմիրինսկին՝ հավելելով, որ ընտրված թեման արդիական է:

Հոգեբան Օլեգ Նեմիրինսկի

Խոսելով թեմայի կարևորությունից՝ ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը նշեց, որ սեմինարը հոգեբանի պրակտիկ գործունեության մասին է:

«Հոգեթերապիայի ուղղություններից է գեշտալտ թերապիան, որը հիմնված է անձի հոգեբանության գեշտալտ մեկնաբանության տեսության վրա: Սա տեսական մոտեցում է, որը հետագայում դարձել է պրակտիկ թերապևտիկ աշխատանք՝ ուղղված փսիխոխանգարումների բացահայտմանը, թերապիային և դրանց հաղթահարմանը»,- ասաց ամբիոնի վարիչը:

Հ. Ավանեսյանը մեկնաբանեց, թե ինչ են փսիխոսոմատիկ խանգարումները՝ նշելով, որ դրանք մարդկանց օրգանիզմում ձևավորվող խանգարումներն են, որոնք տեղի են ունենում հոգեկան հենքի վրա, այսինքն՝ հոգեբանական պատճառներից առաջանում է այս կամ այն հիվանդությունը:

«Եթե մարդն ունենում է չլուծված խնդիրներ, վերապրում է սթրես, տանում է հետտրավմատիկ սթրեսային խանգարում, ու դա չի հաղթահարվում, ապա այն հետագայում արտահայտվում է գլխացավով, անքնությամբ, ստամոքսի ցավերով, սիրտ-անոթային խնդիրներով և այլն. սրանք փսիխոսոմատիկ պատճառով առաջացած խանգարումներ են, որոնք տարածված են»,- շեշտեց պրոֆեսորը:

Մասնագետները նշեցին, որ հոգեբաններն այսօր բազմաթիվ անելիքներ ունեն՝ հասկանալու՝ ինչպիսի հոգեբանական խնդիրներ ունի մարդը ներկայում, որոնք կարող են հետագայում առաջացնել նմանօրինակ իրավիճակներ: Տարբեր գործոնների ազդեցության ներքո մարդկանց մոտ առաջանում է տագնապ՝ պայմանավորված, օրինակ, ԶԼՄ-ների ազդեցությամբ, հարևանների խոսակցությամբ, իրական դեպքերով, վթարներով և այլն:

«Եթե մարդը տագնապին ոչ ադեկվատ ռեակցիա տվեց, հավատաց, շարունակեց իր ներսում վերապրել, բարդացնել խնդիրը, միանշանակ այն տանելու է սոմատիկ խանգարման»,- մեկնաբանեց Հ. Ավանեսյանը:

Ընդհանուր հոգեբանության ամբիոնը մշտապես կարևորել է նմանօրինակ հանդիպումները, որոնք միտված են լավարկելու արտալսարանային կրթական գործընթացները: Այս հանդիպումների շնորհիվ ուսանողները պատկերացում են կազմում, թե արտերկում մասնագետներն ինչ հետազոտություններ են կատարում:

Նշենք, որ սեմինարին մասնակցում էին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողները։