ԳլխավորԼուր

ՀՊՏՀ-ի մասնաճյուղը մինչև վերջին ուսանողի ավարտելը գործելու է. քննարկում՝ ԱԺ-ում

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի լիցենզիան դադարեցնելու դիմում չի եղել, որոշում է կայացվել միայն դադարեցնել այս տարվա ընդունելությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. ընդունելության դադարեցման հարցով կազմակերպել էր աշխատանքային քննարկում:

«Ես՝ որպես մարզում մեծացած անձ, կարող եմ ասել, որ ցանկացած կրթական հաստատության փակում, մեղմ ասած, վատ հետևանք է ունենում մարզաբնակների համար: Սկսած աշխատատեղերից, վերջացրած ուսանողների իրացվելիության խնդրով, լուրջ խնդիր կարող է առաջացնել դա»,-ասաց հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Պատգամավորը դեռ փետրվարին ԿԳՄՍ նախարարին գրավոր կարգով դիմել է, խնդրել պարզաբանում, թե ինչու է անհրաժեշտություն առաջացել դադարեցնել ընդունելությունը: Սակայն պատասխանը չի գոհացրել Թովմասյանին: Դրանում մասնավորապես նշվել է, որ այն դիմորդների ընդհանուր թվի մեջ ամենափոքր տեսակարար կշիռն ունի, դիմորդների 90 տոկոս կողմնորոշվածությունը դեպի Երևան է, դրա համար դիտարկվել է մասնաճյուղի ընդունելությունը դադարեցնելու հարցը:

Քննարկմանը մասնակցող տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը, որը եղել է համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի առաջին տնօրենը 4 տարի, ասաց, որ մասնաճյուղի առջև դրված բոլոր խնդիրները լուծվել են: Նա նշեց, որ մասնաճյուղի գործունեության առաջին տարում ուսանողներ են ունեցել այլ մարզերից, Երևանից ևս:

Նա շեշտեց՝ ենթակառուցվածքները ստեղծվում են նաև դեմոգրաֆիական խնդիրներ լուծելու, բնակեցման համար, մարզերում առկա ենթակառուցվածքները պետք է ամրապնդվեն:

«Այսօր մեր բուհական համակարգը փորձում է ներգրավել արտասահմանյան ուսանողների, օրինակ՝ Հնդկաստանից են գալիս: Հիմա, եթե մարդը Հնդկաստանից գալիս է ՀՀ-ում կրթություն ստանալու համար, ո՞վ է ասում, որ իր համար առաջնահերթը Երևանն է, կարող է հենց այդ ուսանողների համար կրթությունը կազմակերպվել Եղեգնաձորում»,-ասաց նա:

Ղազարյանը շեշտեց՝ ցանկացած խնդիր ունի իր լուծումը, նա նկատեց՝ եթե մասնաճյուղը թեկուզ մեկ տարի ընդունելություն չհայտարարի, 4 տարվա «պատուհան» է առաջանում, եղած խնդիրներին հավելյալ խնդիրներ են առաջանալու: Ըստ նրա՝ գիտխորհրդում այդ հարցը բարձրացնելուց առաջ դա չի քննարկվել ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Բուհի ներկայացուցիչը, սակայն վստահեցրեց, որ բուհի գեթ մեկ ուսանողի շահ չեն ոտնահարել այդ որոշմամբ, այդ թվում՝ բանակում գտնվող ուսանողների:

«Նրանք բանակից հետ գալուց օրենքով սահմանված կարգով վերականգնելու են իրենց իրավունքները, իրենց համար ձևավորվելու են ակադեմիական խմբեր և իրենց սովորեցնելու են: Եվ մասնաճյուղը մինչև վերջին ուսանողի ավարտելը գործելու է: Այսինքն՝ գիտական խորհրդի որոշմամբ, որը վերաբերում է ընդունելություն չհայտարարելուն, որևէ ուսանողի շահ չի ոտնահարվել»,-ասաց նա:

Նա հավելեց, որ գիտական խորհուրդը որոշում չի կայացրել մասնաճյուղը փակելու և չեն դիմել լիազոր մարմնին՝ մասնաճյուղի լիցենզիան դադարեցնելու խնդրանքով, ընդամենը որոշում են կայացրել այս տարի ընդունելություն չհայտարարել:

«Կառավարությունն ամեն տարի բուհերից հավաքում է իրենց հայտերը, հետո այդ հայտերի հիման վրա կատարում իր վերլուծությունները, վերջնական թիվ ստանում, դրա հիման վրա կայացնում որոշումներ: Մենք, մեր ինքնավարության շրջանակներում Վայոց Ձորի մասնաճյուղի համար տեղ չենք ուզել»,-ասաց բուհի ներկայացուցիչը:

Եղեգնաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Ավագյանն էլ կարծիք հայտնեց, որ այդտեղ կա համայնքի շահ, որևէ մեկը համայնքի հետ չի քննարկել այդ հարցը: