ԳլխավորԼուր

Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է 33 տարի անց

Դեպքից 33 տարի անց ավարտվել է ռուս հայտնի երգիչ Իգոր Տալկովի սպանության հետաքննությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի Telegram ալիքը։ Սպանության մեջ մեղադրվում է արտիստի համերգային տնօրեն Վալերի Շլյաֆմանը։

Քննությամբ պարզվել է, որ 1991 թվականի հոկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգի Սպորտային պալատի «Հոբելյանական» համերգասրահի կուլիսներում ծագած կոնֆլիկտի ժամանակ մեղադրյալը փորձել է ատրճանակից կրակել արտիստներից մեկի` Ազիզայի ներկայացուցչի՝ Իգոր Մալախովի ուղղությամբ, սակայն մահացու վնասվածք է պատճառել Տալկովին։

Նշվում է, որ 1992 թվականին Վալերի Շլյաֆմանը, որը թաքնվում էր Իսրայելում, հետաքննության մարմինների կողմից հեռակա կարգով ներգրավվել է որպես մեղադրյալ` անզգուշությամբ սպանություն կատարելու համար: Սակայն 2021 թվականին քրեական գործի հետաքննությունը վերսկսելուց հետո Ռուսաստանի քննչական կոմիտեի քննիչները հավաքված ապացույցների հիման վրա եկել են այն եզրակացության, որ Շլյաֆմանը պետք է ներգրավվի դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար։