ԳլխավորՀայաստանս

1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում սպանեց Թալեաթին

1921 թվականի մարտի 15-ին հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանը «Նեմեսիս» գործողության շրջանակում Բեռլինում սպանել է Օսմանյան կայսրության երբեմնի ներքին գործերի նախարար և մեծ վեզիր, Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթին:

1921 թվականին դաշնակցականներն իմացան, որ Հռոմում թուրքերի մասնակցությամբ ժողով է լինելու և Թալեաթին գտնելու բոլոր ջանքերը կենտրոնացրին այնտեղ: Քանի որ Թեհլիրյանը Բեռլինում էր, նրան հանձնարարվեց լինել կառամատույցում և ստուգել Հռոմ մեկնող գնացքները: Մի անգամ Թեհլիրյանը նկատեց, որ թուրքերի մի խումբ ճանապարհում է մեկ այլ խմբի և վերադառնում: Վերադարձողներից մեկին նրանք առանձնահատուկ վերաբերմունք էին ցուցաբերում և դիմում «փաշայով»:

Թեհլիրյանը սկսեց կասկածել, որ այդ մարդն էլ կարող է Թալեաթը լինել և գնաց նրանց հետևից: Թեհլիրյանը հետագայում պատմում էր, որ մինչև վերջին պահը կասկածում էր՝ արդյոք նրա դիմացից գնացող թուրքը Թալեաթն է, թե՝ ոչ: Կրակելուց առաջ Սողոմոնը գոռաց «Թալեաթ», և նա շրջվեց: Դա էլ ցրեց Թեհլիրյանի վերջին կասկածները, ու նա կրակեց:

Կրակելուց հետո հասցրեց փախչել, բայց ճանապարհին սկսեց կասկածել՝ արդյոք սպանե՞լ է նրան: Կասկածներն ավելի ահագնացան, երբ նա մտաբերեց, որ Հարություն Մկրտչյանին միանգամից սպանել չէր ստացվել: Հենց դա պատճառ դարձավ, որ վերադառնա սպանության վայր: Երբ փորձում էր ճեղքել ամբոխը՝ համոզվելու համար, մահացե՞լ է արդյոք Թալեաթը, թե՝ ոչ, նրա ուղեկիցները ճանաչեցին Թեհլիրյանին ու բռնեցին նրան:

1921 թվականի հունիսին Բեռլինում կայացավ Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը, դատարանը արդարացրեց նրան եւ նույնիսկ վերադարձրեց վրիժառության զենք ատրճանակը։

Թեհլիրյանը մահացել է 1960 թվականին՝ Սան Ֆրանցիսկոյում (ԱՄՆ)։

Comment here